Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գտել էին Տեր-Պետրոսյանի թույլ տեղը

Այս հոդվածաշարը հրապարակվել է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի 2015 թվականի հունվարյան 6 համարներում: 

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 5)

22/01/2015schedule09:09, http://armtimes.com/hy/article/58518 Արդյո՞ք Տեր-Պետրոսյանն իր վերադարձը պատկերացնում էր հենց այնպես, ինչպես տեղի ունեցավ: Իհարկե՝ ոչ: 2007 թվականի սեպտեմբերի 21-ին գործող իշխանությունը բավականաչափ ամուր էր, իրավիճակը վերահսկելի էր նրա կողմից, տնտեսությունը ցնցումներ չէր ապրում, Ղարաբաղի հարցում արտառոց ոչինչ չկար: Սա նշանակում էր, որ դըգոլյան վերադարձ չէր ստացվելու: Բայց կային մի քանի այլ  հանգամանքներ: 2008-ին առաջանում էր նախագահական միջանցք, այսինքն՝ գործող նախագահ Ռ. Քոչարյանը թեկնածու չէր առաջադրվում, ինչը նշանակում էր, որ այսպես, թե այնպես, տեղի է ունենալու իշխանության փոփոխություն: Սա որոշակի հնարավորություն էր բացում առաջին նախագահի համար: Նա համակիրների մեծ բանակ ուներ պետական կառավարման համակարգում, եւ իշխանությունից Ռ.Քոչարյանի հեռացման պրոցեսում նրանք կարող էին կողմնորոշվել դեպի Տեր-Պետրոսյանը: 2007-ին նկատելի բաց կար նաեւ ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը չուներ ընդգծված լիդեր: Ընդհակառակը՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո այն կոտրված էր եւ հուսահատ: ԱԺ-ից դուրս էին մնացել վերջին ութ տարիների առանցքային ընդդիմադիր ուժերը՝ ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջին անգամ խորհրդարանում էր հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», եւ Հովհաննիսյանը համարվում էր նախագահի պոտենցիալ թեկնածու: Ակնհայտ էր, սակայն, որ նա չի կարողանալու թեկնածու առաջադրվել՝ քաղաքացիության նվազագույն ցենզը չունենալու դե յուրե պատճառաբանությամբ: Այս պայմաններում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է իրենով անել ընդդիմադիր դաշտը, բայց այդ կուսակցության եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի նկատմամբ ընդդիմադիր դաշտում կար մեծ անվստահություն: Մյուս կողմից՝ Արթուր Բաղդասարյանը, որպես քաղաքական գործիչ, բեղմնավորվել է ՀՀՇ-ի միջանցքներում եւ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին աղմկահարույց գիրք է հեղինակել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ նրան ձոնելով անզուսպ դիֆերամբներ: Այս պայմաններում՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական փորձն ու հոտառությունը նրան թույլ տվեցին նկատել միասնական ընդդիմության լիդեր դառնալու տեսական հնարավորությունը: Սա, իհարկե, այն չէ, ինչի մասին ինքը մտածել է 1998 թվականին, բայց մյուս կողմից՝ առաջին նախագահը հասկանում է՝ 2008-ը, թերեւս, իր վերջին հնարավորությունն է: Հաջորդ՝ 2013 թվականի ընտրություններում մեծ հավանականությամբ երկրորդ անգամ կառաջադրվի գործող նախագահը, այսինքն՝ նա, ով հաղթել է 2008-ին, իսկ 2018 թվականի նախագահական ընտրություններում ինքը կլինի արդեն 72 տարեկան եւ չի ունենա այն էներգիան եւ մղումը, որ ունի հիմա: Այս հանգամանքներում է, որ Տեր-Պետրոսյանը կայացնում է ակտիվ քաղաքական գործունեության վերադառնալու որոշումը, միով բանիվ՝ վճռելով, որ եթե հանգամանքները իր շուրջ դըգոլյան մթնոլորտ չեն ստեղծում, այդպիսի մթնոլորտ կստեղծի հենց ինքը եւ սրա համար ունի կոնկրետ ծրագիր: Սեպտեմբերի 21-ի ելույթում Տեր-Պետրոսյանը չի հայտարարում, որ պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել: Փոխարենը՝ գործող իշխանությանը գնահատում է որպես հանցագործ, մաֆիոզ, որ երկիրը գլորում է դեպի երրորդ աշխարհի երկրների շարքը: Եւ այս իրավիճակի լուծումը գործող իշխանության կազմաքանդումն է՝ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելու միջոցով: Տեր-Պետրոսյանն ասում է, որ պատրաստ է աջակցել այդպիսի թեկնածուի, եւ ակնարկում, որ ինքն էլ է պատրաստ լինել այդ թեկնածուն. «Միայն մի բանում մի կասկածեք, որ եթե տեսնեմ՝ որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին եւ մեր երկիրը, մեր պետությունը այս վիճակից դուրս բերելու գործում, ես որեւէ ջանք չեմ խնայի»,- ասում է նա: Համեմատության համար՝ 1958 թվականին, իր վերադարձի հայտնի ճառում Շառլ դը Գոլը մոտավորապես նույն շեշտադրումն է անում՝ հայտարարելով. «Այսօր, երբ երկրին սպասվում են փորձություններ, Ֆրանսիան թող իմանա, որ ես պատրաստ եմ իմ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը»: Սեպտեմբերի 21-ի ելույթից հետո, ահա, Տեր-Պետրոսյանը արտառոց քայլերի մի շքահանդես է կազմակերպում, որն ամբողջությամբ տակնուվրա է անում քաղաքական դաշտը: Նա, նախ, այցելում է ՀՅԴ գրասենյակ, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: ՀՅԴ-ի գործունեությունը, հիշեցնեմ, Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ավելի ճիշտ՝ 1994 թվականին, կասեցվել էր, իսկ Մարգարյանն ու Ռուստամյանը բանտում են գտնվել՝ ընդհուպ մինչեւ առաջին նախագահի հրաժարականը: ՀՅԴ գրասենյակ այցելելուց հետո Տեր-Պետրոսյանը ոչ պաշտոնական պայմաններում հանդիպում է ունենում Ղարաբաղ կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ, 1996-ի նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Վազգեն Մանուկյանի հետ, որի հետ որեւէ շփում չի ունեցել մոտ 15 տարի: Սրանից հետո այցելում է Ղարաբաղ եւ հանդիպում ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Կարճ ասած, Տեր-Պետրոսյանի քայլերը բխում են ազգային առաջնորդի գործողությունների տրամաբանությունից: Նա չի վերադարձել ուղղակի որպես քաղաքական գործիչ, նա վերադարձել է որպես ազգային առաջնորդ: Ղարաբաղյան պատերազմին մասնակցած տասնյակ ջոկատների հրամանատարներ, հարյուրավոր ազատամարտիկներ հայտարարություններ են ստորագրում՝ Տեր-Պետրոսյանին կոչ անելով առաջադրվել նախագահի թեկնածու: Կարճ ասած, համարյա դըգոլյան մթնոլորտ: Համարյա, որովհետեւ իշխանական թեւը խիստ բացասաբար է արձագանքում Տեր-Պետրոսյանի վերադարձին: Բայց նրա ելույթին, անսովոր քաղաքական քայլերին հետեւած լայնածավալ, փոթորկվող արձագանքները համոզում են նրան. այո՛, կա շանս իր անձի շուրջ դըգոլյան մթնոլորտ ստեղծելու, կա հնարավորություն իր կողմը քաշելու նաեւ բյուրոկրատական միջին օղակին, իշխանական բուրգի բազմաթիվ ներկայացուցիչների: Տասնամյա բացակայությունից հետո Տեր-Պետրոսյանի ձեռնարկած քայլերը իսկապես թարմ էին, գրավիչ ու մտածված: Դրանք իսկապես փոխեցին քաղաքական դաշտում առկա մթնոլորտը: Բայց սեպտեմբերի 21-ի ելույթից հետո անցնում է շուրջ մեկ ամիս, ու ժամանակակից տերմինով ասած՝ իշխանական բուրգի փլուզման նախանշաններ չեն երեւում: Գուցե դա նրանից է, որ Տեր-Պետրոսյանը հստակ չի՞ հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության, այսինքն՝ իշխանությունը վերցնելու իր մտադրության մասին: 2007-ի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իրեն հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու: Այս հայտարարությունն է՛լ ավելի ակտիվացրեց քաղաքական կյանքը, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հայտնվեց քաղաքական կյանքի օրակարգը ձեւակերպողի դերում:  Առաջին փուլի խնդիրը լուծված էր փայլուն, անսովոր, անկանխատեսելի քայլերով: Բայց ցանկացած ոգեւորություն շատ արագ սառում է, եւ գալիս է նախնական արդյունքներն ամփոփելու ժամանակը: Նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկի պահին Տեր-Պետրոսյանը գույքագրում է, թե ինչ ունի: Կան լավ եւ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ իր շուրջ հնարավոր է եղել համախմբել բավական մեծ թվով ընդդիմադիր ուժերի, եւ նա, ըստ էության, դարձել է վերջին տասը տարիների ընդդիմության ժառանգորդ. Կարեն Դեմիրճյանի հիմնադրած ՀԺԿ-ն եւ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հիմնադրած «Հանրապետություն» կուսակցությունը եւ մեկուկես տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ պաշտպանում են իր թեկնածությունը: Այդ թիմին հետագայում կմիանա նաեւ «Ժառանգությունը»: Նրա թեկնածության շուրջ ձեւավորվել է նաեւ բավական լայն հանրային ճակատ, որը ներառում է քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների, ազատամարտիկների: Հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է ձեւավորվել Տեր-Պետրոսյանի եւ նրա գործունեության շուրջ: Վատ նորություններ նույնպես կան. օլիգարխիան եւ միջին բյուրոկրատիան չեն շտապում անցում կատարել դեպի Տեր-Պետրոսյանը: Քոչարյան-Սարգսյան զույգին հաջողվում է գրեթե լիակատար վերահսկողության տակ պահել պետական ապարատն ու իշխանական բուրգը: Նախագահի թեկնածու են առաջադրվել նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ովքեր նույնպես հավակնում են ընդդիմադիր կամ բողոքական էլեկտորատի ձայներին: Տեր-Պետրոսյանի դեմ լայնածավալ հակաքարոզչություն է սկսվել, նրա կողմնակիցներին ենթարկում են ճնշումների եւ հետապնդումների: Մթնոլորտը հանրապետությունում շիկանում է: Ամենավատ նորությունն այն է, սակայն, որ Տեր-Պետրոսյանին չի հաջողվել ձեւավորել հստակ աշխատող քաղաքական ստրուկտուրա: Նրա շուրջ խմբվել են բազմաթիվ մարդիկ, որոնց մեծ մասը պատկերացում չունի իր կոնկրետ անելիքի մասին: Բազմաթիվ մարզերում չի հաջողվել ձեւավորել նորմալ աշխատող նախընտրական շտաբներ: Բազմաթիվ շտաբների պատասխանատվությունը դրված է մարդկանց վրա, ովքեր տասը տարի պարապ սպասել են Տեր-Պետրոսյանի վերադարձին եւ նրան վերաբերվում են ոչ թե որպես նախագահի թեկնածուի, այլ որպես մեսիայի, ով կարող է քայլել ջրի վրայով, ով կարող է հրաշքներ գործել եւ ով օժտված է գերբնական հատկություններով: «Եթե Տեր-Պետրոսյանը տասը տարի անց վերադարձել է քաղաքականություն, ուրեմն մի բան գիտի»: Սա մի ընկալում էր, որ նախնական շրջանում հսկայական էներգիա տվեց Տեր-Պետրոսյանի քաղաքական գործընթացին, բայց հետագայում արգելակի դեր կատարեց նրա նախընտրական պայքարի համար: Ընդ որում՝ սա միայն տեխնիկական, կազմակերպչական խնդիր չէր, այլեւ ինչ-որ իմաստով գաղափարախոսական, աշխարհայացքային եւ կապված էր այն ընկալման հետ, թե ո՞վ է, ի վերջո, Տեր-Պետրոսյանը, կամ ինչ իմիջով պետք է հանդես գա: Նա նախագահի թեկնածո՞ւ է, քաղաքական գործիչ, ով թեկուզ բարձր ինտելեկտ ունի, երկրի առաջին նախագահն է, հռչակավոր, ականավոր քաղաքական գործիչ, բայց բավական բարդ խնդիր է դրել իր առաջ, որի լուծումը պահանջում է անմնացորդ նվիրում, քաղաքական թիմի եւ քաղաքական ստրուկտուրայի գերլարված աշխատա՞նք, թե՞ գերբնական մի կերպար, ով գիտի ամեն ինչ, որի վերահսկողության տակ է գտնվում ամեն ինչ եւ քաղաքական գործընթացը նրա համար ընդամենը անհրաժեշտ ձեւականություն է՝ իր գերբնական հատկությունները թաքցնելու համար: Գուցե մի քիչ չափազանցրած, բայց ընդհանուր առմամբ, այս դիլեմայի առաջ էր Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքական թիմը, եւ այս ընտրությունից էր կախված լինելու իրադարձությունների հետագա զարգացման ընթացքը: Տեր-Պետրոսյանն ինքն էլ այս ընտրանքի առաջ էր, նա հասկանում է այս ընտրանքի ճակատագրական նշանակությունը: Ինչպիսի՞ն պետք է լինի իր ղեկավարած պրոցեսի հետագա կոնտեքստը. իրապես Համաժողովրդական շարժո՞ւմ, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է հստակ գիտակցի եւ իմանա իր անելիքն ու պատասխանատվության չափը եւ ընկալի իր դերակատարման վճռական նշանակությունը, թե՞ միֆականացված առաջնորդի երկրպագություն, որտեղ մասնակիցները տեղի ունեցողին վերաբերվում են որպես թաքնված տեսախցիկի առաջ բեմադրված սերիալի՝ կանխորոշված հեփիենդով, որտեղ վերջում տղան՝ տվյալ դեպքում իմաստուն առաջնորդը, բոլորի համար անսպասելի դուրս է գալիս սպիտակաթույր զգեստներով՝ չեմպիոնի գավաթը ձեռքին բռնած: Հենց այստեղ է առաջին անգամ զգացվում, որ Տեր-Պետրոսյանը չէր մտածել այս մասին: Նա այնքան էր տարված դըգոլյան սցենարով, որ այդպես էլ դրանից հրաժարվելու ուժ եւ հնարավորություն չի ունենում մինչեւ վերջ: Նա չի հավատում պլեբսին, լուրջ չի վերաբերվում պլեբսին: Նա հավատում է. պլեբսին պետք է մատուցել միֆը, իսկ իրական քաղաքականությունը, ռեալպոլիտիկը պետք է վարել էլիտայի հետ բանակցությունների, խոսակցության ժանրում: Եւ ահա, Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթներում սկսում է ավելի ու ավելի շատ դիմել քաղաքական, տնտեսական պետական էլիտայի ներկայացուցիչների: Արթուր Բաղդասարյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, օլիգարխներ: Այս կոչերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, բայց իրողությունները չեն փոխում: Դըգոլյան սցենար չի ստացվում ու չի ստացվում: Իսկ Տեր-Պետրոսյանը չունի պլան B: Բայց եւ չի կարող նահանջել, արդեն ուշ է դրա համար: Քաղաքական պրոցեսի հոսանքը սկսում է կլանել նրան եւ քշել անհայտ ուղղությամբ: Եւ այս անհասկանալի, չկառավարվող իրավիճակում նա կայացնում է մի որոշում, որը սողացող վարակի նման սկսում է քայքայել նրա անձի շուրջ ստեղծած միֆը: Նա Հայաստանից հեռացնում է որդուն՝ ուղարկելով նրան ապահով Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ա. Սմբատյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 6)

23/01/2015schedule10:00, http://www.armtimes.com/hy/article/58573 Որդուն Հայաստանից հեռացնելու՝ Տեր-Պետրոսյանի որոշումը անձնական առումով բացատրելի է: Սիրող հայրը վախենում է միակ զավակի կյանքի եւ անվտանգության համար: Բայց սրանում է քաղաքական գործունեության երկիմաստությունը, դրամատիզմը: Անձնական բնույթի որոշումները կարող են ունենալ լրջագույն քաղաքական հետեւանքներ, եւ դա աղետալի սխալ դարձավ Տեր-Պետրոսյանի համար: Սխալը, իհարկե, ոչ թե հայրական հոգատարությունն էր, այլ այն, որ սրանով Տեր-Պետրոսյանը իր վախերը բացահայտեց քոչարյանասերժական ոհմակի առաջ: Մինչդեռ, ոհմակի հետ հարաբերվելու ոսկե կանոն գոյություն ունի. երբեք, երբեք, երբեք նրան չցուցադրել քո վախերը, թույլ չտալ, որ նա զգա, առավելեւս՝ տեսնի քո վախը: Բայց ոհմակը ամենամեծ պրոբլեմը չէ: Շատ ավելի բարդ է բազմահազար հետեւորդների պարագան, որոնց ընկալումներից կատարելապես դուրս էր Տեր-Պետրոսյանի այս քայլը: Միֆական առաջնորդը ինչ-որ բանից վախենո՞ւմ է: Ինչպե՞ս է դա հնարավոր, ընդհանրապես: Հիմա, անկեղծ ասած, դժվարանում ենք ասել, թե կոնկրետ ո՞ր օրն է Դավիթ Տեր-Պետրոսյանը հեռացել Հայաստանից՝  2008թ. հունվարի 22-ից առա՞ջ, թե հետո: Սա ե՛ւ էական է, ե՛ւ էական չէ, որովհետեւ հունվարի 22-ն այն օրն է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակից ընթերցեց Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլը»՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» հռչակավոր տողերով: Վերադառնանք, սակայն, քաղաքական գործընթացին: Որքան կոպիտ սխալ է ոհմակին սեփական վախերը ցույց տալը, նույնպիսի սխալ է սեփական վախերը ցույց տալը հետեւորդների բազմահազարանոց բանակին: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանի որդու հեռացման լուրը լայնորեն չէր շրջանառվում, բայց հետեւողականորեն սողում էր, սողում էր Ազատության հրապարակում, սողում էր Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբներում, սողում էր Հայաստանում: Այդ լուրը իր հետ վախ էր տարածում, տարակուսանք, կասկածներ: Այդ լուրը քայքայում էր Տեր-Պետրոսյանի անձի շուրջ պարուրվող միֆը, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երկար տարիներ հետեւողականորեն կառուցել էր: Պրոբլեմն այստեղ քաղաքական հարթության վրա է. եթե ժողովրդին մատուցվող հիմնական ուղերձը միֆն է, եթե միֆի վրա է դրվում հիմնական խաղադրույքը, ուրեմն այդ միֆի անաղարտությունը պետք է պահպանել մինչեւ վերջ: Եթե միֆը չէ հիմնական գործոնը, ուրեմն պետք է հիմնական շեշտը դրվի արդյունավետ քաղաքական ստրուկտուրայի վրա: Բայց Տեր-Պետրոսյանը չկարողացավ պահպանել միֆի անաղարտությունը՝ այս եւ մի քանի այլ հանրահայտ միջադեպերի պատճառով: Չկարողացավ նաեւ իր թեկնածության շուրջ համախմբել իշխանական եւ օլիգարխիական էական հատվածի, մյուս կողմից էլ՝ չուներ արդյունավետ քաղաքական ստրուկտուրա: Եթե անկեղծ լինենք, մի քանի ամսում նման ստրուկտուրա ստեղծելը անհնար էր նույնիսկ: Միակ քաղաքական ստրուկտուրան, որ տեսանելիորեն եւ արդյունավետ աշխատում էր՝ Երեւանի Ազատության հրապարակն էր, ու որքան էլ տարօրինակ հնչի, այդ հրապարակը Հայաստանում սողացող համատարած վախի եւ Տեր-Պետրոսյանի թիմի անվստահության արտահայտությունը դարձավ ի վերջո: Ազատության հրապարակը միակ տեղն էր, որտեղ մարդիկ չէին վախենում: Այդ ժամանակների քաղաքական իրավիճակը շատ էր նմանվում ոհմակի եւ երամակի հարաբերություններին: Քոչարյանասերժական վարչախումբը քսի էր տվել իր ոհմակին, եւ քաղաքական ակտիվիստները երամակի տրամաբանությամբ, ոհմակի առաջ իրենց պաշտպանված էին զգում միայն Ազատության հրապարակում, որտեղ իրենք ոչ թե մենակ են, չորսով, հինգով, տասով, այլ հազարով, տասնյակ հազարով, հարյուր հազարով: Այդպիսի Ազատության հրապարակը, որքան էլ տպավորիչ ու բազմամարդ, ձախողման մեծագույն նախանշանն էր, որովհետեւ կար հսկայական մի բազմություն, կար միֆական քաղաքական առաջնորդ եւ չկար քաղաքական արդյունավետ կառուցվածք: Ազատության հրապարակը, բառիս բուն իմաստով, ներփակվել էր Ազատության հրապարակում: Արդյունավետ Ազատության հրապարակը պետք է Ազատության հրապարակ դարձներ ողջ Հայաստանը, բայց սրա համար անհրաժեշտ էր արդյունավետ քաղաքական սխեմա, կառույց, համակարգ, որը գոյություն չուներ: Մարդիկ չէին տեսնում իրագործելի քաղաքական պլան, մարդիկ չէին հասկանում, թե ինչպե՞ս եւ որտեղ է այս ամենը ավարտվելու, եւ սա մեծացնում էր անորոշությունը: Այս անորոշության մեջ միակ գործոնը, որի վրա կարող են հենվել՝ առասպելական առաջնորդն է: Բայց առաջնորդի շուրջ պարուրված առասպելը կորցնում էր անաղարտությունը, եւ վախը դառնում էր ավելի թանձր՝ առավելեւս, որ այն համակել էր նաեւ առաջնորդին: Հենց այս գործոնը վճռորոշ դարձավ հետագա սցենարների համար, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գտել էին Տեր-Պետրոսյանի թույլ տեղը: Երեւի թե ոչ թե գտել էին, այլ գիտեին 1998 թվականից: 2008թ. Մարտի 1-ին նրանք հենց այս եղանակով լուծեցին հարցերը: Ինչպես Տեր-Պետրոսյանի նորօրյա զինակից Վարդան Օսկանյանն է բացահայտել, 2008թ. Մարտի 1-ին իշխանությունները Տեր-Պետրոսյանին առաջարկել են իր տնից Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքված հազարավոր հետեւորդների մոտ գնալ առանց թիկնազորի: Նրանք գիտեին, որ Տեր-Պետրոսյանը չի գնա առանց թիկնազորի: Եթե առանց թիկնազորի գնացող լիներ, որդուն Միացյալ Նահանգներ չէր ուղարկի: Մարտի 1-ից հետո արդեն, Քոչարյանը գիտեր, թե ինչ պետք է անի Տեր-Պետրոսյանին հստակ սահմանների եւ շրջանակների մեջ պահելու համար. նա համապատասխան փոփոխություն արեց «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, եւ այդ փոփոխություններից հետո առաջին նախագահը կարող էր զրկվել թիկնազորից՝ այսպես կոչված ապօրինի քայլեր անելու, ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու կամ զանցանք կատարելու պարագայում: Այս փոփոխությունն ուժի մեջ մտավ 2008 թվականի մարտի 20-ին: Իհարկե, Տեր-Պետրոսյանի համար հնարավոր էր ապահովել ժողովրդական, այսինքն՝ ոչ պետական թիկնազոր: Այս պարագայում, սակայն, պետությունն ազատվում էր նրա անվտանգության համար ունեցած պատասխանատվությունից: Իսկ սա արդեն լուրջ պրոբլեմ էր Տեր-Պետրոսյանի համար: Անձնական անվտանգության հետ կապված այս հնարքը, իհարկե, անբարոյական քայլ էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: Բայց Տեր-Պետրոսյանն ինքը Քոչարյան-Սարգսյան զույգին դեռ ամիսներ առաջ համեմատել էր մոնղոլ-թաթարների հետ եւ ուրեմն՝ պետք է պատրաստված լիներ նման զարգացումների, պետք է կանխատեսեր այդ զարգացումները: Բայց չկանխատեսեց, եւ ինչպես պարզվեց հետագայում՝ ամենեւին պատրաստ չէր այդօրինակ իրավիճակի: Այս ամենը մարդիկ, իհարկե, չէին տեսնում: Իրադարձությունների, զարգացումների, կրակոցների, սպանությունների, հետապնդումների հորձանուտում այս ամենը դժվար էր նկատել: Այդ նույն մարդիկ, սակայն, զգում էին այդ ամենը ինչ-որ վեցերորդ զգայարանով, հոտառությամբ, ենթագիտակցությամբ: Նրանք զգում էին, որ ինչ-որ բան այնպես չէ, նրանք զգում էին, որ ինչ-որ տեղ իրենց խաբում են, եւ այս զգացողությունները հսկայական, եթե չասենք՝ վճռական դեր կատարեցին 2007-ին մեկնարկած համաժողովրդական շարժման հետագա ճակատագրի համար: Մի ինչ-որ պահից Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հնարավոր որոշումներից կայացնում էր հենց այն մեկը, որն առավել հարմար էր իր, իր ընտանիքի անվտանգության տեսակետից եւ ապահովում էր իր առանցքային, առաջնային դերակատարումը: Այս կամ այն որոշման ընդունելիության հիմնական չափանիշը դառնում են հենց այս գործոնները, եւ մնացած բոլոր գործոնները դառնում են երկրորդական, երրորդական, չորրորդական: Հենց այստեղ է, որ Տեր-Պետրոսյանի անձի շուրջ կառուցված միֆը, առասպելը վեր է ածվում խաբեության: Հունվարի 22-ին Ազատության հրապարակում հռչակելով «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կարգախոսը՝ Տեր-Պետրոսյանը հետագա քաղաքական գործունեության ընթացքում փաստացի շատ բան եւ շատերին զոհելու զարմանալի պատրաստակամություն է ցուցաբերում, բացի ինքն իրենից: Հազարավոր մարդիկ ընկնում են քոչարյանասերժական մարդակեր մեքենայի ատամնանիվների տակ, բայց Տեր-Պետրոսյանի անմիջական, մերձավոր շրջապատի որեւէ անդամ որեւէ հիշարժան նեղության մեջ չի ընկնում: Խնդիրն այն չէ, որ պարտադիր նրանց ինչ-որ բան պիտի պատահեր՝ նրանց ձերբակալեին, կալանավորեին կամ ծեծեին: Խնդիրն այն է, որ եթե հազարավոր հետեւորդներ բերման են ենթարկվում, ծեծվում, ձերբակալվում, կալանավորվում, դա պետք է ինչ-որ կերպ ազդեր նաեւ այն մարդկանց վրա, ում հետ Տեր-Պետրոսյանը վերջին տասը տարիներին շփվում է ամենօրյա ռեժիմով, ովքեր ապահովում են նրա խաղաղ կյանքի խաղաղ միջավայրը: Բայց նման բան տեղի չի ունենում, եւ մինչեւ օրս անհասկանալի է, թե ինչու: Ի՞նչ է, նրանք բոլորը ավելի բախտավո՞ր էին, քան մյուսները, իսկ գուցե ավելի խելո՞ք, իսկ գուցե ավելի օրինապա՞հ: Իսկ գուցե գիտեին խաղի այնպիսի կանոններ, որ մյուսնե՞րը չգիտեին: Եթե այդպես է, ովքե՞ր էին սահմանել այդ կանոնները, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում, եւ որո՞նք էին այդ կանոնները: Եւ ամենակարեւորը. ինչո՞ւ դրա մասին մյուսները չգիտեին, Ազատության հրապարակում կանգնած տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուրավոր քաղբանտարկյալները, զոհերը ի վերջո: Տեր-Պետրոսյանը, այսպիսով, անվտանգության, ընդդիմադիր դաշտում գերակայությունը պահպանելու, գուցե՝ նաեւ այլ նկատառումներով քաղաքական առասպելի տիրույթից աննկատ քայլերով տեղափոխվեց քաղաքական խաբեության տիրույթ: Հետագա գործունեության ընթացքում այդ քաղաքական խաբեությունը պետք է վերածվեր քաղաքական բեմադրության: Այդ ներկայացումը գագաթնակետին հասավ 2011-ի գարնանը, երբ Հայ ազգային կոնգրեսի՝ Մատենադարանի մերձակայքում հրավիրած հանրահավաքի մասնակիցները երթով ազատագրեցին Երեւանի Ազատության հրապարակը: Եթե հիշում եք, 2008 թվականի Մարտի 1-ից հետո Ազատության հրապարակը փակվեց ցուցարարների առաջ: Սկզբում հրապարակը քանդեցին՝ ստորգետնյա ավտոկանգառ կառուցելու համար: Բայց նույնիսկ շինարարության ավարտից հետո իշխանությունները թույլ չէին տալիս հանրահավաքների անցկացումը այդ վայրում: Եւ ահա, 2011 թվականի մարտի 17-ին Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքից հետո Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ժողովրդին երթով առաջնորդում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց դիմավորում են ոստիկանական կուռ շարքերը: Կարճ բանակցություններից հետո ոստիկանները, գեներալ Սաշիկ Աֆյանի հրամանով, տեղի են տալիս, եւ եռամյա դադարից հետո ժողովուրդը կրկին մտնում է Ազատության հրապարակ: Այն ժամանակ շշուկներ կային, թե սա կուլիսային ինչ-որ պայմանավորվածության արդյունք է, բայց Կոնգրեսի ներկայացուցիչները պնդում էին, թե պարզապես ոստիկանությունը չդիմացավ լայն զանգվածների ճնշումներին: Տարիներ անց, սակայն, պիտի բացահայտվի, որ հանրահավաքի նախորդ օրը՝ կեսգիշերին մոտ, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տանը, ով ազգակցական կապ ունի ընդդիմության ներկայացուցիչներից մեկի հետ, խորհրդավոր հանդիպում է տեղի ունեցել: Ընդդիմադիր լիազորված երկու ներկայացուցիչներ, վստահելի բանակցողներ հանդիպում են ունեցել այն ժամանակ ՀՀ ոստիկանության պետ՝ տվյալ դեպքում «պայմանական հակառակորդ» Ալիկ Սարգսյանի հետ՝ քննարկելու-համաձայնեցնելու Ազատության հրապարակի հերոսական ազատագրման օպերացիան: Հասկանալի է, որ այնպես չէր, որ այդ բանակցողները պատահաբար էին հայտնվել հանդիպման վայրում: Ավելի բարձր մակարդակներում կայացվել էր սկզբունքային համաձայնություն, Ալիկ Սարգսյանն ու ընդդիմադիր բանակցողները պետք է ընդամենը քննարկեին մանրամասները, ճշտեին դետալները: Պետք է, թերեւս, շնորհակալ լինել կողմերին, որ օպերացիան պլանավորելիս չեն որոշել հավաստիության համար մի քանի զոհ տալ՝ երկու կողմերից: Ինչեւէ, 2011-ի մարտի 17-ին տեղի է ունենում Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի «հաղթական» մուտքը Երեւանի Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում իր ունեցած ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցածը հայտարարում է ժողովրդի առաջին հաղթանակը 2008-ի Մարտի 1-ից հետո: Բայց սա, թերեւս, առաջին դեպքն էր, որ Ազատության հրապարակ եկած հազարավոր քաղաքացիներ հիմարացվում էին այսպիսի ցինիզմով: Կամ ո՞վ գիտե՝ առաջի՞նն էր, թե ոչ: Գուցե երկրո՞րդն էր, չորրո՞րդը, տասներո՞րդը, հարյուրերո՞րդը: Հիմա արդեն ոչ ոք չի կարող վստահաբար ասել: Վստահաբար կարելի է ասել միայն մեկ բան. 2011-ի մարտի 17-ը ժողովրդին հիմարացնելու վերջին դեպքը չէր լինելու: Ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմից: Ա. Սմբատյան

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Զելենսկին արդեն չի հերքում Դոնբասի կորուստը. Դուբինսկի «40-50 հոգով հարձակվել են ամուսնուս վրա ու ծեծել». մանրամասներ՝ Կադաստրի կոմիտեի աղմկահարույց միջադեպից Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ․ Մամիջանյան Արտաշիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվել Թուրքիայի կոշտ արձագանքը` Իսրայելի գործողություններին Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ Թևանյան Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am