ԱԺ հանձնաժողովը 2-րդ անգամ դրական եզրակացություն տվեց
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Օրենսդրական առաջարկի համահեղինակ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է հիմնարար փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերել են ռեյտինգային ընտրակարգի վերացմանը, պարզ համամասնական ընտրակարգին անցմանը, խորհրդարան մուտք գործելու շեմի իջեցմանը՝ կուսակցությունների համար 4, քաղաքական դաշինքների համար 6 տոկոս, բոնուսային համակարգի վերանայմանը, զորամասերում նախընտրական քարոզարշավը մատչելի դարձնելուն: Նա վերահաստատել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին բարեփոխված Ընտրական օրենսգրքով անցկացնելու դիրքորոշումը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է գործադրի առաջարկը, որով նախատեսվում է առաջին հոդվածից հանել 6-րդ կետը: Այն վերաբերում է զորամասում զինծառայողների թվի բացահայտմանը: Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի անդամների կողմից: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
