ԼՂ հարցի թաքուն լուծում լինել չի կարող. Փաշինյան
«Ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց լիազորված չեմ բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Քանի որ Ղարաբաղը չի մասնակցում Հայաստանի իշխանության ձևավորմանը, այն առանձին կայացած պետություն է: Բանակցությունների բացառապես չլինելը ևս հնարավոր չէ, սակայն ցանկացած բանակցության սեղանի շուրջ պետք է նկատվի նաև Արցախը: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել»,- ԱԺ-ում իր ելույթում նշեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Շիրակ Թորոսյանի հարցին կապված Արցախի խնդրի կարգավորման հետ: «Չի կարող Արցախի որևէ հարց լուծվել, եթե լուծման որևէ տարբերակ չի ընդունվում Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդի կողմից:Առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ես չեմ պատկերացնում հարցի լուծումը: Երբ, որ ես ասում եմ չեմ կարող բանակցել Արցախի ժողովրդի անունից, դա քմահաճույք չէ»,- նշեց Փաշինյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի Արցախի անունից հանդես գալուն՝ Փաշինյանը նշեց, որ նրանք իրավունք ունեին, քանի որ Արցախում ընտրված պաշտոնյաներ են եղել:
