Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման դեպքում կանայք անվճար կվիրահատվեն
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը հիմք կդառնա, որ կանանց մոտ հայտնաբերված հիվանդությունների դեպքում անվճար վիրահատություն կատարվի՝ խուսափելով անդառնալի հետևանքներից: «2015 թվականից ի վեր 30-60 տարեկան կանայք իրենց տեղամասային պոլիկլինիկաներում կարող են անցնել Պապ թեստ (Pap test), որը շատ կարևոր ախտորոշիչ, նույնիսկ կանխարգելիչ մեթոդ է արգանդի վզիկի քաղցկեղի համար: Մեր առջև դրված խնդիր ունեինք այցելություններ շատացնել և ախտորոշման որակը բարձրացնել: Այս հուշագիրը փաստորեն լուծում է այդ երկու հարցն էլ: Հիվանդության հաստատման դեպքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը պատրաստակամություն է վերցնում, կանանց անվճար վիրահատել: Այսկերպ կլուծվի ֆինանսական հարցը»,-ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու մինչև 2021 թվականը:
