Եվս մեկ դատավճիռ մարտի 1-ի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Գրիգոր Ոսկերչյանի գործով վճիռը, որը մեղադրվում էր 2008 թվականի մարտին զանգվածային անկարգությունների հրահրման եւ պետական իշխանության ուզուրպացիայի փորձի մեջ։ Նշվում է, որ Ոսկերչյանը կալանավորվել է մարտի 8-ին եւ տարվել է ոստիկանություն, որտեղ հարցաքննվել է ցույցերի ժամանակ բաժանած թռուցիկների շուրջ։ Մարտի 11-ին նրան մեղադրանք է առաջադրվել։ 2009-ին նրան դատապարտել են 2 տարվա ազատազրկման, սակայն Ոսկերչյանը հետագայում ազատ է արձակվել համաներմամբ։ ՄԻԵԴ–ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում։ ՄԻԵԴ–ը նաեւ անընդունելի է համարել նրան կալանքի տակ պահելու համապատասխան եւ բավարար հիմնավորում տրամադրելուց դատարանի կողմից հրաժարվելը։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Հայաստանին 3000 եվրո վճարել որպես փոխհատուցում։ ՄԻԵԴ-ը հրապարակել է նաեւ Մասիս Այվազյանի գործով վճիռը, որը դատապարտվել էր 2008 թվականի Մարտի 1–ի դեպքերի ժամանակ ոստիկանի վրա հարձակման համար։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Հայաստանին 4500 եվրո վճարել նրան որպես փոխհատուցում։