Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին
Ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի հայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխությունը: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ նշելով, որ մտահոգությունները Հոքինգը նկարագրել է իր վերջին աշխատություններից մեկի մեջ: Մահից առաջ բրիտանացի գիտնականը գրել էր «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» աշխատությունը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 16-ին: Աշխատության մեջ ֆիզիկոսը կիսվել է մտահոգություններով, որ ապագայում մարդիկ կկարողանան գումարի դիմաց փոփոխություններ անել ԴՆԹ-ում օրգանիզմի տարբեր որակներ բարելավելու համար: «Հնարավոր է, որ որոշակի օրենքներ կսահմանվեն գեների փոփոխությունների վերաբերյալ, սակայն ոմանք չեն կարողանա դիմակայել գայթակղությանը, որպեսզի բարելավեն մարդկային ունակությունները, օրինակ՝ հիշողությունը, դիմակայությունը հիվանդություններին, կյանքի տևողությունը», - աղբյուրը մեջբերում է ֆիզիկոսի գրառումները: Հոքինգի կարծիքով՝ «կատարելագործված» մարդու ի հայտ գալը կբերի նրան, որ սովորական մարդիկ կսկսեն հատուկ, ստորին խավեր ստեղծել կամ ընդհանրապես կվերանան:
