Կրակոցների ու լռության արանքում

hayzinvor.am կայքը գրում է. «Երեք օր է՝ չեն կրակել»,-ասում է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»: Պտտում է ղեկը, դարձնում արագության բռնակը. դիրքեր ենք բարձրանում: Փոխգնդապետը պետք է ստուգի առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքները, կրակի վարման եւ դիտարկման համակարգերը, անձնակազմի տրամադրությունը. ծառայությունը մնում է ծառայություն՝ նույնիսկ եթե չեն կրակում: Հեռվում էքսկավատորը փորում է հողը: Մեկը մյուսի հետեւից ձգվող հողաթմբերը ուղտերի քարավան են հիշեցնում: Այլընտրանքային երթուղին է, որ հակառակորդի աչքի համար անտեսանելի է դարձնելու տեխնիկայի շարժը: Մեր մեքենան կանգ է առնում: Մի երկու բառ ենք փոխանակում ճանապարհը կառուցող Նիկոլայ դայու հետ: Խոսում է աշխուժությամբ, թեեւ առավոտյան ժամը յոթից աշխատում է: Տեղանքը դիտարկվող է, ինքն իրեն քողարկելով է առաջանում. «Օրը վեց ժամ փորում եմ: Տեխնիկան բանակինն է: Փառք Աստծո, «պադվադիտ» չի անում: Քանի կյանքս հերիքում է, իմ «ամագը» թողնեմ: Ո՞վ ենք մենք առանց բանակի, առանց զինվորի, առանց պինդ սահմանի,-դեղին էքսկավատորի ալեհեր վարպետը հարց է տալիս, ապա, ուսերը թերահավատ վեր քաշելով, ինքն էլ պատասխանում,- տուն` առանց կտուրի»: Փոխգնդապետ Օհանյանը Նիկոլայ դայուն մի քանի գործնական խորհուրդ է տալիս, նաեւ՝ գովասանքի խոսք ասում: Եվ էքսկավատորն ավելի մեծ եռանդով է շարունակում աշխատանքը. «շերեփով» վերցնում է հողն ու լցնում նոր գոյացող թմբի վրա: Եվ այդպես նորից, նորից ու նորից: Մեքենան սլանում է անվերջ թվացող ճանապարհով: Հասնում ենք բարձունքին: Այստեղ է տեղակայված նորակառույց կետը: Տեղանքը պատահական չէ ընտրված՝ լայնածավալ տեսադաշտ է ապահովում: Ընդարձակ շինություն է՝ հարմար դիտակետերով: Պատերը շարված են խնամքով՝ ծածկված թարմ ծեփով: Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Վրեժ Ղահրամանյանն է կազմակերպում շինարարական աշխատանքը: Վստահեցնում է՝ այսօր գործը կավարտեն: Ինքն էլ փոշոտ է ու քրտնած. զինվորների հետ հավասար գործ է անում: «Ամրոցի նման ամուր է: Պիտի հուսալի լինի,-խոսքն ավարտելուն պես կապիտանը հրահանգներ է տալիս իր զինվորներին,-քար բերեք, շաղախ սարքեք»: Եվ տղաները միանգամից հողի վրա՝ մի կլոր տեղ բացած, իրար են խառնում կիրն ու ավազը: Սրտանց են աշխատում՝ ասես իրենց սեփական տունը կառուցեն: Մեր մուգ կապույտ «ուազը» սլանում է մի ճանապարհով, որ ժամանակին Բաքու էր տանում: Հիմա ինձ ուղեկցող զինվորականները կարծես չեն հավատում, որ այս ճանապարհը կվերագտնի իր երբեմնի աշխուժությունը: Նկուղ հիշեցնող գետնափոր կառույցի մուտքի մոտ ենք: Այս շինությունը ներսից ստորգետնյա թագավորության է նման՝ բարձր առաստաղով, առանձնացված սենյակներով: Շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Մոնիտորի դիմաց մայոր Գրիգորի Արշակյանն է՝ ստուգում է տեսադիտարկման համակարգը: Էկրանին տարբեր ստորաբաժանումներից ստացվող պատկերներ են՝ առցանց ռեժիմով: Հակառակորդի ցերեկային եւ գիշերային տեղաշարժերը վերահսկվում են մեծ խորությամբ: Իսկ թե համակարգը հանկարծ խափանվի, անսարքությունը րոպեներ անց կվերացվի: «Տեսադիտարկման համակարգը պարբերաբար թարմացվում է՝ տեսախցիկները նոր են, ավելի որակյալ: Հակառակորդը, իհարկե, կրակել է, փորձել է վնասել, բայց չի հաջողվել,-ասում է մայոր Արշակյանն ու ցույց տալիս ադրբեջանական բազան: -Սա էլ նրանց թիկունքային ապահովման կետն է, այն մեկն էլ՝ հրետանային ստորաբաժանումը: Շարժ չկա: Երեկ, սակայն, շարասյան պոչը չէր երեւում՝ զրահամեքենաներ, հրանոթներ էին տեղաշարժում»: Հասկանում եմ՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է սպասվում այսօր, վաղը, հաջորդ րոպեին. առաջնագծի խաղաղ շնչի մեջ միշտ մի քիչ տագնապ կա: Դիրքեր թեքվող ճամփաբաժնին մի անսովոր մեքենա է երեւում. շրջիկ բաղնիքն է: Մարտական հերթապահության օրերի ընթացքում զինվորներն երկու անգամ լողանալու հնարավորություն ունեն: «Քիչ չէ՞»,-մտորում եմ: Փոխգնդապետ Օհանյանը բացատրում է, որ լոգանք կազմակերպելը բարդ է, որ մի առանձին մեքենայով էլ ջուրն են հասցնում, որ հիգիենիկ պահանջները պահպանելու համար նաեւ բուժանձնակազմն է ներգրավվում: «Բայց տղաները ոնց են սիրունանում-թարմանում: Ջուրը քշում-տանում է քրտինքը, փոշին, հոգնածությունը, ծանր մտքերը»,-ասում է հրամանատարը: Վերեւում ենք: Առաջին հայացքից սովորական դիրք է՝ անվադողերով ամրացված հողաթմբերով: Բայց որտեղի՞ց սեխի այս անուշ, թարմացնող բույրը: Դիրքի ավագը՝ Վաչեն, ցույց է տալիս ձմերուկի ու սեխի փարթամ թփերը, որ փռել են փեշերը, փաթաթվել հողին: Զինվորն ասում է՝ հողը չպիտի անբույս լինի, անբնական է: Դրա համար էլ դիրքամերձ փոքրիկ հողակտորում սեխ ու ձմերուկ են աճեցնում, եւ երբ որեւէ մեկը գալիս է այցելության, անպայման հյուրասիրում են կրակոցների տակ հասունացած բարիքներից: Գուցե հենց այսպես է փոշեթաթախ տարածությունը հայրենիք դառնում: Խրամատ բարձրանալուց առաջ կանգ ենք առնում փոքրիկ ծածկի տակ. աղոթատեղին է՝ մոմի ու խնկի բույրով: Ծխակալած պատերից մեզ են նայում գունատ սրբապատկերներ, փայտե ձեռակերտ խաչեր: Հավատի այս փոքրիկ տաճարում «Հայր մերն» արտասանելիս ինչի՞ մասին են մտածում տղաները, ինչի՞ մասին են երազում, ի՞նչ են խնդրում բարձրյալից: Աչքովս է ընկնում անվարժ ձեռագրով գրված գրությունը. «Աստված պահապան բոլոր հայրերին ու մայրերին»: Վաչեն էլի բանաձեւում է. «Որպեսզի փորձանքի չգաս՝ պիտի հավատաս, որ վերեւից մեկը քեզ պահում է»: Պատմում է, որ հակառակորդի զինվորներն էլ են հաճախ բարձրաձայն աղոթում. «Իրենք իրենց աստվածն ունեն, մենք՝ մերը»,-ասում է դիրքի ավագն ու առաջանում նեղլիկ խրամատով: Դիտարկում կատարողը դասակի հրամանատարն է՝ ավագ լեյտենանտ Դավիթ Զաքարյանը: Նրա համար ապահովության երաշխիքը լավ կահավորված դիրքն է: Ասում է՝ եթե զինվորն իրեն անվտանգ զգաց խրամաբջիջում, ուրեմն հոգեպես էլ կամրապնդվի: Շատ է զրուցում տղաների հետ, բացատրում, հաճախ էլ խնդրում, որ դիտարկվող հատվածներ դուրս չգան, որ շրջանցեն ականապատ տեղանքը: Ասում է՝ գուցե հոգնածությունն է պատճառը, կա՛մ վախը հաղթահարելու ցանկությունը, կա՛մ անտարբերությունը, որ զինվորները խախտում են անվտանգության սահմանված կանոնները: Երիտասարդ հրամանատարը իրենից գրեթե չի խոսում, միայն. «Էստեղ համոզվել եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»: Դիրքապահ Ռոբերտն էլ է որոշել զորացրվելուց հետո ծառայության անցնել. «Երբ համազգեստով եմ, մարդիկ ավելի սիրալիր են: Արձակուրդին քաղաք գնացի, գազելի վարորդը տոմսի գումարը չվերցրեց, մի տարիքով կին էլ հարցրեց՝ որտեղ եմ ծառայում, ու պաչեց ճակատս, թե՝ Աստված հետդ»,-զինվորի զգաստ դեմքին այնքան ջերմ ժպիտ է ուրվագծվում: Հրաժեշտից առաջ հավաքվում ենք բացօթյա սեղանի շուրջ: Տղաները հյութ են լցնում խոշոր բաժակների մեջ, Աշոտը իր պատրաստած սուրճն է հյուրասիրում, Արայիկն էլ սեղանին է դնում քաղցր սեխն ու ձմերուկը: Իսկ փոխգնդապետ Օհանյանի անխորտակ խստությունը միանգամից մեղմվում է իր զինվորների հետ անկաշկանդ զրույցից:  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am