Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում, նա հումորով է վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքին. պաշտպան
«Սամվել Մայրապետյանը հումորով է վերաբերում իր մեղադրանքին, քանի որ մեղադրանքը այնքան աբսուրդ է, որ այլ կերպ վարվել հնարավոր չէ»,- Ժամանակի հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ Պաշտպանն ասաց, որ չի կարող առայժմ գործի հանգամանքները ներկայացնել, մանրամասներ ասել, թե ում է իբր Մայրապետյանը փող տվել, քանի որ չունի կողմերի համաձայնությունը, բայց այդ համաձայնությունը ստանալուն պես կխոսի գործի մանրամասներից։ Միայն հստակ է, որ խոսքը պաշտոնյայի մասին է, որին իբր կաշառք է տվել Մայրապետյանը, և որ խոսք է գնում 10 տարվա վաղեմության գործի մասին։ Սիրունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիս ամսվա ժամանակահատվածում տեղի ունեցածի մասով։
Սիրունյանը նշեց, որ Մայրապետյանը բացարձակ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, պարզապես, նրա խոսքերով, լրատվամիջոցները օգտվելով իր լռությունից, հորինեցին այդ վարկածը։
Մեր դիտարկմանը, թե Մայրապետյանի՝ Մարտի 1-ի առնչության մասին խոսել է գործարար Սիլվա Համբարձումյանը, Սիրունյանը վրդովվեց, թե ինչպես կարելի է «այդ կնոջ ասածները լուրջ ընդունել, որը իրեն գործարար է հորջորջում»։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով:
