Շնորհակալության փոխարեն կատվի նման է իրեն պահում՝ ոնց գցես, փորձում է մնալ գետնի վրա.Հրանտ Բագրատյան

Երկու օր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»: Այստեղ սխալ է ամեն ինչ։ Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Ս.Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց։ Երկրորդ։ Պարտավոր էր նշել. մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նոախորդ դեկտեմբեր-ապրիլին թե լոկ ապրիլի հետ։ Չ՞է որ Սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝ Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներ x տվյալ արժույթով ավանդի տոկոս x տնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսյա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։ Երրորդ, ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%։ Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։ Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Աաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։ Այսօր՝ ուշացումով ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է պարոն Բագրատյանի գրառմանը՝ մասնավորապես նրան մեղադրելով «մանիպուլյացիայի» եւ «հասարակությանը մոլորեցնելու» փորձերի մեջ։ ԿԲ պատասխանում նշված է, որ ԿԲ-ն եւ բանկերն անցնում են արտաքին աուդիտ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք «ավելի վստահելի են, քան մեկ մասնագետի վերլուծությունը», եւ հորդորել են լրատվամիջոցներին «տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ ԿԲ, չառաջնորդվել Բագրատյանի վերլուծություններով, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն»: Իսկ Հրանտ Բագրատյանի նշած ցուցանիշների մասով ասել են․ «2018 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվները աճել են 10.5%-ով կամ 452.8 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 5.2% կամ 204.1 մլրդ դրամ): 2018 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի վարկերն աճել են 7.0%-ով կամ 184.4 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 0.5% կամ 12.6 մլրդ դրամ): 2018 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ավանդները աճել են 9.2%-ով կամ 218.7 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 4.8% կամ 106.8 մլրդ դրամ): Հաշվեկշռային ցուցանիշների աճ/նվազումը միջազգային վերլուծություններում ներկայացվում է անվանական հաշվեկշռային ցուցանիշների բացարձակ կամ տոկոսային աճ/նվազումներով: Տարբեր նպատակային վերլուծություններում հնարավոր է հաշվարկել ամենատարբեր համեմատական ցուցանիշներ, սակայն չհամաձայնվելով Հրանտ Բագրատյանի առաջ բերած մեթոդաբանությանը՝ նշենք, որ նախ դիտարկվող օրինակում դրամային ավանդների 9.5% դրույքաչափն ընդունելի չէ, քանի որ ավանդների մեծության մեջ ներառված են ինչպես ժամկետային, այնպես և ցպահանջ ավանդները, իսկ 9.5%-ը միայն ժամկետային դրամային ավանդների տարեկան տոկոսադրույքն է, և ընդհանուր դրամային ավանդների տոկոսադրույքը շատ ավելի ցածր է: Երկրորդ, եթե ավանդների տոկոսները նույնիսկ ներառի ավանդների ծավալների մեջ, ապա այն հիպոթեզը, որ ավանդների աճը, ենթադրենք, եղել է ի հաշիվ ավանդների դիմաց կուտակված տոկոսների, ապա տոկոսները պետք է դիտարկվեն ոչ թե մեկ տարվա համար օրինակում բերված 9.5%-ը, այլ ընդամենը դիտարկվող հինգ ամսվա կտրվածքով, այսինքն՝ մոտ 3% (դրամային ավանդերի 7.5% միջին տարեկան տոկոսադրույք՝ բաժանած 12-ի և բազմապատկած 5-ով): Սակայն նույնիսկ կոռեկտ հաշվարկների դեպքում անգամ այս մեթոդաբանությունը ընդունելի չէ միայն այն պարզ պատճառով, որ բերված ավանդների աճերում դիտարկվող ավանդների մեջ ներառված չեն ավանդների գծով կուտակված տոկոսները․․․․»։ Եւ վերջում․ «Կենտրոնական բանկի հրապարակած և տրամադրած տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ անհիմն բացասական հայտարարությունները մեղմ ասած անընդունելի են, իսկ առանձին մասնագետների նման դատողությունը և Կենտրոնական բանկի հեղինակազրկման փորձը՝ անհասկանալի և սնանկ: Կենտրոնական բանկի գործունեությունը գնահատվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և Կենտրոնական բանկում իրականացվում է ամենամյա արտաքին աուդիտ: Կենտրոնական բանկն իր գործունեությամբ պատասխանատու է ավելի լայն հասարակությանը, և չծավալվելով Կենտրոնական բանկի հիմական խնդիրների (գների և ֆինանսական կայունության) կատարողականի արդյունքների շուրջ՝ հենց միայն վերոնշյալ օրինակում դիտարկվող ավանդի աճի բարձր տեմպը փաստում է բանկային համակարգի կայունության (ինչի ապահովումը ԿԲ հիմնական խնդիրներից է) նկատմամբ հասարակության վստահության աճի մասին (վերջին տաս տարում ավանդների միջին տարեկան աճը կազմել է մոտ 19%)»: Այս արձագանքի վերաբերյալ մենք կապվեցինք Հրանտ Բագրատյանիհետ՝ խնդրելով մեկնաբանել ԿԲ հայտարարությունը։ Նա մասնավորապես ասաց․ «Ես, ճիշտն ասած, այդ աղճատված պատասխանից չհասկացա՝ ինչ են ուզում ասել։ Բայց մի քանի բան, այնուամենայնիվ, ըմբռնեցի։ Առաջինը՝ չէ՞ որ ես իմ դիտողության մեջ ասում եմ՝ վարչապետ, երբ դու ասում ես, որ քո իշխանության օրոք ակտիվները հասել են սրան, այսինքն՝ դու մայիս-սեպտեմբեր հատվածը համեմատում ես անցյալ տարվա մայիս-սեպտեմբերի՞ հետ, որ մենք հասկանանք` ինչն ինչոց է, թե՞ պարզապես ասում ես, որ չորս ամսում այսքան աճեց։ Կենտրոնական բանկն այդ պատասխանով նախ հաստատում է, որ թվերն իրենք են տրամադրել։ Չ՞է որ ԿԲ-ն, ի տարբերություն վարչապետի, նշում է մայիս-սեպտեմբեր և ապա համեմատում 2017-ի մայիս-սեպտեմբերի հետ։ Բայց վարչապետի մոտ 2017-ի մասին խոսք չկա։ Ես էլ քննել եմ հարցն այնպես, ինչպես նշել էր վարչապետը։ Այսինքն՝ վարչապետի այդ ելույթից, ինչպես նաև Կենտրոնական բանկի նման հարցադրումից մենք զգում ենք, որ սխալ կա՝ թիվը պետք է մեկ այլ թվի հետ համեմատես, որ հասկանաս՝ աճել է, թե չէ։ Կարող է՝ անցյալ տարի ակտիվները ոչ թե 7 տոկոսով են աճել, այլ 27 տոկոսով, սա չի երևում։ Ասում է՝ թռիչքաձև աճ ունենք, ինչի՞ հիման վրա։ Հիմա ԿԲ-ն ի վերջո համեմատում է 2017-ի հետ։ Բայց այստեղ էլ սխալ ունենք։ Հիմա արդեն ԿԲ-ն ասում է, որ 2018-ի մայիս սեպտեմբերին ակտիվները աճել են 7%-ով (իսկ 2017-ին 0.5 %-ով), իսկ պասիվները 9.2%-ով (2017-ի 4.8%-ի փոխարեն)։ Վարչապետի գրառման մեջ սա չկա։ Այս պարագայում մեկ այլ վերլուծություն կա։ Եվ արի ու տես, որ ԿԲ-ն իրեն ծուղակն է գցել ոչ պրոֆեսիոնալ ձևով արձեգանքելով։ Իսկ ի՞նչ եթե այս տարվա մայիս-օգոստոսին տնտեսությունն աճել է 44.6%-ով (https://www.armstat.am/file/doc/99509203.pdf)։ Սեպտեմբերի տվյալները դեռ չկան։ Եվ ուրեմն ավանդները պետք է աճած լինեին առնվազն 1.446 x 1.032 = 1.492 անգամ կամ 49.2%-ով, որտեղ 3.2%-ը 4-ամսյա դրամային դեպոզիտի դրույքն է (տարեկանը՝ 9.5)։ Կրկնում եմ՝ սա 4 ամսվա համար։ Այստեղ կարելի է վիճարկել այն, որ ոչ բոլոր ավանդներն են դրամով։ Դա մեծ փոփոխության չի հանգեցնում։ Եթե ԿԲ-ն իր պատասխանում տար ավանդների արժույթային կառուցվածքը, ես դա էլ կանեի։ Այնուամենայնիվ, պայմանականորեն նկատի ունենալով, որ ավանդների կեսը արտարժույթով է, միջինը 4.5%, ապա 49.2-ի փոխարեն մոտավորապես ստացվում է 48%։ Ակտիվների մասով ավելացնում ենք 4-ամսյա սպրեդը՝ մոտ 1% և ստանում գրեթե 50%։ Երկրորդ՝ ես առաջարկում եմ մեթոդաբանություն, որով մենք կարող ենք գոնե չափել՝ իրենք չափազանցնո՞ւմ են, դա շա՞տ է, լա՞վ է։ Մասնավորապես՝ ավանդների մասով ես հայտարարում եմ, որ պետք է տնտեսական աճի թիվը գումարել ավանդի միջին տոկոսին, և դա պետք է լինի այն նվազագույն աճը, որ պետք է ունենալ։ Վարչապետի մոտ գրված է 9.2 տոկոս, իմ հաշվարկով ստացվում է՝ 17 տոկոս։ նորից գալիս ենք այն խնդրին, որ բազայի հետ համեմատություն արված չէ, որ հասկանանք՝ շատ է, թե քիչ։ Համենայնդեպս, ելնելով դրանից՝ ես ասում եմ՝ երևի ճիշտ կլիներ վարչապետը հասկանար, որ առնվազն 17 տոկոս աճ է պետք։ Իրենք ինձ չեն պատասխանում, հետո ասում են՝ ինչո՞ւ ես սենց սխալ ձևով նայում։ Հիմա բերում են նոր թվեր։ Այդ դեպքում, ինչպես նշեցի, վիճակն ավելի է վատանում ԿԲ համար։ Ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Ի՞նչ ասեմ անկապ "դիտողություն"։ Ոնց որ ես Ձեզ մի լուսանկար բերեմ, որտեղ մեկը մի այլանդակություն է անում, որը ես նկարել եմ, Դուք ինձ դիտողություն անեք՝ ինչո՞ւ ես էս վատ ապարատով նկարել այդ ամենը։ Այսինքն՝ նկարն ինքն էական չի, հասկանո՞ւմ եք։ Այսինքն՝ սա էլ է հիասթափեցնում, որ մենք ունենք արդեն ձևավորված ծանր իշխանություն, որին դիտողություն ես անում, շնորհակալության փոխարեն կատվի նման է իրեն պահում՝ ոնց գցես, փորձում է մնալ գետնի վրա այսպիսի ճոռոմ պատասխաններով ջրելով ասելիքդ»։