Դահլիճում ծափ տվող, միջանցքներում տխրող, իսկ սոցցանցում վիրավորող ավագանու անդամը. «Իրավունք»
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ օրեր առաջ սոցցանցում վիրավորել էր կառավարության դիմաց ակցիա իրականացնող որդեկորույս Ռուզաննա Ադալյանին, ում որդուն սպանել են, եւ նա արդարություն էր պահանջում: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Ա. Իսպիրյանը տիկինոջ մասին գրել էր. «Գիժ անտեր...»: Թե արդյոք նա չի զղջում իր մեկնաբանության համար, որը լայն արձագանք է գտել մամուլում եւ համացանցում, «Իրավունքը» փորձեց պարզել հենց Երեւանի ավագանու նորընտիր անդամից: Սակայն, Ա. Իսպիրյանն այնքան տխուր էր, որ անգամ հարցը չլսեց` ասելով, թե պատճառը ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի` Միայնակ գայլի մահվան լուրն է: Իհարկե, կարելի էր այստեղ հուզվել, եթե Ա. Իսպիրյանն ընդամենը րոպեներ առաջ Երեւանի ավագանու նիստերի դահլիճում ծափահարելուց չլիներ հանձնաժողովների նախագահների պաշտոններում յուրայինների տեղավորվելու որոշումների ժամանակ: Բայց սա դեռ մի կողմ: Նոր ձեւավորված քաղաքային իշխանությունը, որն այդքան հուզվել էր Ա. Խանդոյանի մահվան բոթից, անգամ հարկ չհամարեց մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:
