19-ամյա զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում ստացած զինծառայող Աղասի Մկրտչյանը գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին: Այս մասին Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: