Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է. Փաշինյան

«2019 թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրվածությունն այն է, որ նաև հընթացս այս բյուջեն պետք է շատ լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Մենք դեռ այդ բյուջեի վրա աշխատելու ենք»,-այսօր «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ թվում աշխատանքներ են տարվելու աշխատավարձերի, թոշակների բարձրացման ուղղությամբ: Վարչապետը նաև անդրադարձավ քաղաքական և փորձագիտական շրջանակների այն կարծիքներին, որ Կառավարության գործելաոճի վերաբերյալ օտարերկրյա ներդրողները լուրջ կասկածներ կարող են ունենալ: Մասնավորապես, խոսքը «Լիդիան Արմենիայի», «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղիների» նկատմամբ կատարված գործողությունների մասին է: «Փարիզում ես հանդիպել եմ «Լիդիանի» տնօրենների խորհրդի նախագահի հետ, հանդիպել եմ «Վեոլիա» ջրի տարածաշրջանային տնօրենի հետ, ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, և կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանությունները լիարժեք աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարին: Նույնը վերաբերում է նաև «Լիդիանին» և «Վեոլիա ջրին»»,- ասաց Փաշինյանը: