Ստորագրման համար կպատրաստվի պայմանագրային լուրջ փաթեթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է համարում հաջորդ տարվա սկիզբը: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախկինում պայմանավորվածությունը եղել է կամ այս տարվա վերջ, կամ այս տարվա սկիզբ: Քանի որ այս ընթացքում մշտական շփումներ են տեղի ունեցել, և դեռ լինելու են, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հաջորդ տարվա սկզբում լինի այդ այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որ այցի ընթացքում ստորագրվի: Ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստենք»,- ընդգծեց Փաշինյանը: Անդրադառնալով Դուշանբեում երկու երկրների ղեկավարների զրույցին, որը ֆիքսել էին տեսախցիկները, Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ քննարկում էին իրենց հաջորդ առանձնազրույցի կազմակերպման հարցերը: «Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք մեր հանդիպումը, որովհետև գագաթնաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք ու առանձնազրույց ունեցանք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: