Հայտնի են «Սասնա Ծռեր»-ի նախագահության անդամները

«Սասնա Ծռեր» կուսակցության համագումարին առաջարկվեց նախագահության անդամ ընտրել Ժիրայր Սեֆիլյանին: Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության հարցը դեռևս ձգձգվում է, այդ իսկ պատճառով նա դեռևս չի կարող պաշտոնապես ներգրավվել և լինել համագումարի նախաձեռնող: Արդյունքում հիմնադիր համագումարի նախագահության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը և Վարուժան Ավետիսյանը: Վ. Ավետիսյանն իր ելույթում նշեց. «Առաջին հերթին պետք է ազատագրվել Երրորդ Հանրապետության իրավակարգային համակարգից, որի նպատակն էր պահպանել ռուսական գաղութատիրությունը: Սպիտակ ցեղասպանությունը չի կարող գերադասելի լինել կարմիր ցեղասպանությունից: Երկուսն էլ նույն արդյունքն են ունենում, ուստի թուրքական յաթաղանի փոխարեն ռուսական սապոգի իբրև թե իմաստուն երկընտրանք ընդամենը մահվան ժամանակի և մեթոդի ընտրություն է: Մենք մերժում ենք ներկայիս հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Սովետական Հայաստանի ժառանգորդ համարող հայեցակարգը, ինչպես նաև դրա իրագործումից բխող իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատող կործանարար մոտեցումները»: