Փոփոխվել է շահագործողի մուտքի և ելքի կանոնակարգումը

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, որ փոփոխվել են շահագործողի մուտքի և ելքի կանոնակարգումը, որպեսզի խնդիրներ չառաջանան, և համապատասխանացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, մասնավորապես՝ այլ գործունեություն ևս կարող է իրականացվել ազատ տնտեսական գոտում, օրինակ՝ օժանդակ ծառայությունների մատուցում և այլն: Նրա խոսքով՝ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու համար հայտեր կան Իրանից, Ռուսաստանից, դրանք քննարկման փուլում է: «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Մեղրիի ԱՏԳ-ում թույլատրվելու է նաև ոսկերչությունն ու ադամանդագործություն. «Բայրամի օրերին չափազանց մեծ առևտուր կլինի»: Մինասյանը պատասխանեց, որ չկա սահմանափակում, ցանկացած ոլորտի ընկերություն կարող է այնտեղ գործունեություն ծավալել: Նախարարը համաձայնեց, որ իրանական տոնի կապակցությամբ Մեղրիի ԱՏԳ-ում ոսկեղենի առևտուրը կարող է ավելի խթանվել: