Սեւանում քաղաքացիներն ընկել են սկուտերից, լճում կորել. մեկի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, Սեւանի թերակղզու մոտակայքում քաղաքացին սկուտերով հեռացել է ափից եւ դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները սկուտերը հայտնաբերել են կղզու մոտակայքում գտնվող նավի կայանատեղիում՝ ափին: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի (Ա. Կ. ծնված 1987 թ., մյուս քաղաքացու տվյալները չի հաջողվել պարզել), ովքեր ընկել են սկուտերի վրայից եւ լողալով դուրս եկել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակա ափ: Ջրափրկարարները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել անձը չպարզված քաղաքացուն, ով հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: