Դանակի սպառնալիքով 8500 դոլար հափշտակածը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։ Կոտայքի ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվեց, որ դանակի սպառնալիքով գումարը տուժածից հափշտակել է աբովյանցի՝ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Նա հայտնաբերվեց Ծաղկաձոր քաղաքում և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ծալովի դանակ և հափշտակված գումարի մի մասը։ Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։ Քննությունը շարունակվում է։