Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Հասարակությանը և քաղաքական ուժերին «սև»-երի ու «սպիտակ»-ների բաժանելու քաղաքական տեխնոլոգիան նորություն չէ: Այն հին է ինչպես մարդկությունը, ինչպես իշխանության համար մղվող պայքարի պատմությունը: Երբ հասարակությունը և պետությունը կայացած չեն, քաղաքական մրցապայքարը «սև-սպիտակային» է դառնում կամ այն արհեստականորեն դարձնում են այդպիսին: Սեր և հանդուրժողականություն,բնականաբար, այդ դեպքում չի լինում: Լինում է միայն ատելություն: Ու որքան շատ է խոսվում սիրո և հանդուրժողականության մասին, այնքան գործնականում շատանում է ատելությունը: «Սև-սպիտակային» քաղաքականությունը ներհատուկ է հեղափոխական ժամանակաշրջաններին: Այդ տեխնոլոգիան հատկապես արդյունավետ գործիք է դառնում այն կիրառողների ձեռքում, երբ առկա է աղքատ ժողովուրդ, որի լյումպենացված ու մարգինալացված հատվածին հեշտ է խաբելը, թե հարուստներից կարելի է փողը վերցնել, բաժանել աղքատներին և հայտնվել երջանկության մեջ: Այդ հետո են աղքատները տեսնում, որ երջանկություն խոստացողները Ջորջ Օրուելի նկարագրած «Նապոլեոն» խոզի պես ձեռք են բերել նախորդների վատ հատկանիշները (դեռ մի բան էլ ավելի) և մտադիր չեն իրենց որևէ բան բաժանել: Տեսնում են, բայց արդեն ուշ է լինում:

Էնշտեյնը ճիշտ էր. ամեն ինչ հարաբերական է

«Սև»-ը և «սպիտակ»-ը շատ սուբյեկտիվ ընկալումներ ու գնահատականներ են: Այսօր «սև» ես, վաղը կարող ես «սպիտակել» և հակառակը: Նայած, թե ով է գույն բաշխողը և գնահատական տվողը: Լենինը և Ստալինը միշտ երեխաների հետ էին նկարվում և ունեին բարի տեսք, այսինքն՝ «սպիտակ» էին, բայց նրանց գործերն այլ բանի մասին էին հուշում: Հիտլերն էլ բարի դեմքով էր ներկայացվում գեբելսյան քարոզչամեքենայի կողմից, բայց դե... Եթե մի քիչ հետ գնանք, կտեսնենք, որ ֆրանսիական ժիրոնդիստները սեր և հանդուրժողականություն էին քարոզում, բայց այլ բան տեղի ունեցավ հետհեղափոխական Ֆրանսիայում: Հատկապես, երբ իշխանության եկան յակոբինյան ակումբի անդամները: Երբ գլխատեցին Բաստիլի բանտապետին, հեղափոխական ժողովրդին ամեն ինչ շատ ռոմանտիկ էր թվում: Երբ գլխատեցին Լյուդովիկոս 16-րդին, ամեն ինչ շատ տրամաբանական ու պահանջված էր թվում: Հետո սկսվեց գլխատումների շարքը. կտրող գործիքի տակ ընկան ինչպես հակահեղափոխականները, այնպես էլ հեղափոխականները: Նաև՝ տասնյակ հազարավոր շարքային ֆրանսիացիներ: Ի դեպ, Ֆրանսիայում և աշխարհում դեռ չի ավարտվել վեճն այն մասին, թե 1789-ին սկիզբ առածից հետո ում համարել «սև» և ում՝ «սպիտակ»: Շարունակելով պատմական էքսկուրսը կտեսնենք, որ 1572 թվականին Բարդուղիմեոսյան գիշերվա ընթացքում «սև» էին հռչակվել հուգենոտները՝բողոքականները: Մեկ գիշերում, ըստ տարբեր ուսումնասիրությունների, սպանվել է 25-ից 50 հազար մարդ: Այսօր բողոքականներ են արևմտյան աշխարհի լիդեր ժողովուրդները, ու որևէ մեկը չի կարող նրանց «սև» համարել: Բողոքականները գիշերային սպանդից դարեր անց դարձել են «սպիտակների» էտալոնը:

20-րդ դարի «սևերը»

Հասկանալու և գնահատելու համար «սև-սպիտակային» հարաբերությունները, եկեք վերհիշենք, թե ինչ եղավ ժանտախտային համարվող բոլշևիկյան ու ֆաշիստական գաղափարախոսությունների կիրառման արդյունքում: Այդ փորձը մեզ համար շատ ուսանելի պետք է լինի, քանզի «սև-սպիտակային» քաղաքականության արդյունքում և՛ ֆաշիստական Գերմանիան, և՛ բոլշևիկյան Ռուսաստանը փորձանք բերեցին իրենց ժողովուրդների գլխին: Ֆաշիստական Գերմանիա Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստները «սև»-եր հռչակեցին սոցիալ-դեմոկրատներին, կոմունիստներին և ընդհանրապես բոլորին, ովքեր չէին երկրպագում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը: «Սև» հռչակվեցին նաև հրեաները, իսկ հետագայում նաև աշխարհի գրեթե բոլոր ազգերը: Մարդկանց անգամ գլխի ֆիզիկական չափերով էին բաժանում «սև»-երի ու «սպիտակ»-ների: Հիտլերյան իշխանության համար «սև» էին չվերահսկվող մամուլի ներկայացուցիչները: Նացիոնալ-սոցիալիստները գերմանացիներին առաջարկեցին այն օրերին «սպիտակ»համարվող Գեբելսի քարոզչությունը, որը սուտ, կեղծիք և այլատյացություն էր սփռում: Թե ինչով ավարտվեց Հիտլերի «սև-սպիտակային» քաղաքականությունը և ինչպիսի անփառունակ վախճան ունեցան նացիոնալ-սոցիալիստները, հիշեցնելու կարիք չկա: Այսօր նրանք ամբողջ աշխարհում միանշանակ «սև» են համարվում, մինչդեռ սկզբում ավելի ճերմակ բան Գերմանիայում չէր երևում, հատկապես երբ այդ ճերմակը ներկայացնում էր Գեբելսը: Եթե Հիտլերի վտանգը ճիշտ գնահատեին Գերմանիայի այն ժամանակվա քաղաքական վերնախավն ու ժողովրդի մտածող հատվածը, ապա միգուցե ոչ մի ավերածություն էլ չլիներ (թեև պատմությունը «եթե»-ներ չի սիրում): Հիտլերին Գերմանիայի քաղաքական վերնախավը համարում էր խեղկատակ (այդպես էլ կար) ու լուրջ չէր վերաբերվում, իսկ սոցիալապես վատ վիճակում գտնվող ժողովուրդն ուզում էր ինքնախաբեությամբ ապրել ու արդյունքում ստացավ ավերածություններ: Բոլշևիկյան Ռուսաստան «Սև-սպիտակային» տրամաբանությամբ էին հեղափոխություն անում նաև Լենինն ու Տրոցկին: «Սև» էին հայտարարվել բոլորը, այդ թվում՝ սկզբնական փուլում բոլշևիկների հետ դաշնակցած ուժերը: Բոլորին մտցրեցին «հակահեղափոխականի» հոդվածի տակ ու ծեփեցին պատերին: Ռուսաստանն այդ ընթացքում սովի մատնվեց և գնդակահարվեցին նաև հեղափոխությունը ողջունած ու հեղափոխությանը աջակցած շարքային մարդիկ, բայց դե դա չէր հետաքրքրում «Երջանիկ Սովետ» կառուցողներին: Կարմիր տեռորը, սակայն, չխնայեց իր ծնողներին, իսկ հեղափոխությունն՝ իր զավակներին: Ստալինը իշխանությունը վերցնելուց հետո «սև» հռչակեց Տրոցկուց մինչև Բուխարին, Կամենևից մինչև Զինովև: Այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր հեղափոխության առաջամարտիկներն էին: Բոլշևիկյան «սև-սպիտակությունը» հետագայում գնաց նախորդներին բացառելու ճանապարհով: Ամեն հաջորդ «սևացնում» էր նախորդին և այդպես մինչև ԽՍՀՄ փլուզում: Ստալինի մահից (կամ՝ սպանությունից) հետո իշխանության եկավ Խրյուշչովը և «սև» հռչակեց մինչև այդ «սպիտակ» համարվող Ստալինին: Բրեժնևը «սև» էր ներկայացնում Խրյուշչովին: Անդրոպովը Բրեժնևի կառավարման տարիները ներկայացնում էր որպես «սև» թալանի տարիներ: Հետո եկավ Չերնենկոն, բայց չհասցրեց իր նախորդին «սև» հռչակել: Վերջում հայտնվեց Գորբաչովը, իր նախորդներին հռչակեց «սևեր» ու սկսեց միջազգային շոուները, որոնց պարտադիր ատրիբուտներից էին ֆոտոսեսիաները արևմտյան պետությունների լիդերների հետ (այն ժամանակ «սելֆի» անելու տեխնիկական հնարավորություն չկար, թե չէ ինքն իրենով հիացած Գորբաչովը «սելֆիի» ձողը ձեռքից չէր գցի): ԽՍՀՄ-ում պաշտոնապես միայն Լենինին չէին «սևացնում», որովհետև ... մեռած էր ու հանդիսանում էր աստծո փոխարինողը աթեիստական երկրում:

Հայաստանյան «սև-սպիտակը»

Նորանկախ Հայաստանում «սև-սպիտակային» մտածելակերպը ժառանգվեց համայնավարներից: Դա ցածր մակարդակի քաղաքական մշակույթ ունեցող պետությունների հատկանիշներից է (հետաքրքրական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստներին փոխարինած ՀՀՇ-ականները հակադաշնակցականության հարցում միակարծիք էին նախորդների հետ և շարունակում էին «սև»-ի մեջ դիտարկել ՀՅԴ-ին): Մեր քաղաքական պրակտիկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործ ունենք 10 տարվա պարբերաշրջանի հետ: Այդ ընթացքում «սևերի» ու «սպիտակների» տեղերը կտրուկ փոխվում են: Մեզանում հստակ գործում է աշխարհահռչակ պատմաբան Արնոլդ Թոյնբիի մոդելը՝ «Հեռացում-վերադարձ-տրիումֆ»: Այսպես, 1988-ին «սև» էր Կարեն Դեմիրճյանը («Ղարաբաղը ջեբս չի, որ հանեմ տամ»), ով Ազատության հրապարակում հավաքվածների սուլոցների տակ հեռացավ քաղաքականությունից, իսկ 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրա ոտքերի տակ գառների կոտորած էր կազմակերպվել, քանզի նրան որպես փրկիչ՝ «սպիտակ» էին ընկալում: Ճիշտ հակառակը եղավ «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից մեկի պարագայում: 1988-ի շարժման արդյունքում կուռքի էր վերածվել, այսինքն՝ «սպիտակ» էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 10 տարի անց՝ 1998-ին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ տարիներ շարունակ վանկարկվող (հատկապես 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ) «Լևո՛ն, հեռացի՛ր»-ի տակ: 1998-ից ուղիղ 10 տարի անց՝ 2008-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին «սպիտակեց» հանրության որոշակի շերտերի մոտ: 2018-ին տեղի ունեցած հեղափոխության օրերին խոսվում էր սիրո և հանդուրժողականության մասին, բայց իշխանափոխությունից շատ չանցած հանրությանն արդեն տեսակավորել են ըստ գույների՝ «սև»-եր ու «սպիտակ»-ներ: «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» բոլշևիկյան կարգախոսը դարձել է դոմինանտային: Քարոզվում է նաև «Էքսպոպրիատորների էքսպոպրիացիա», ինչը շատ վտանգավոր է ոչ միայն թիրախների, այլ նաև քարոզողների համար: Հեղափոխությունից 100 օր անց հայ ժողովուրդն իր համար հանկարծ հայտնաբերեց, որ եթե ինքը հեղափոխության արդյունքները սեփականաշնորհել փորձող կուսակցության կողմնակից չէ, ուրեմն հակահեղափոխական է:Ահա այդպիսի քարոզչության տակ է հիմա հայտնվել «հպարտ քաղաքացին»: Թե ինչ զարգացումների կարող է հանգեցնել այս «սև-սպիտակային» քաղաքականությունը, դժվար չէ գլխի ընկնել: Պատմական փորձը կա:

. . .

Հեղափոխությունները, որպես կանոն, սկսվում են փողոցներում և ավարտվում են նիստերի սյունազարդ դահլիճներում, ինչպես նաև՝ դատարաններում: Ու դժվար է ասել, թե ով երբ կարող է դառնալ «սև», իսկ ով՝ «սպիտակ»: Ասել է թե՝ «սև-սպիտակային» տեխնոլոգիան կիրառելիս պետք է միշտ հիշել, որ գործում է բումերանգի էֆեկտը: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Բոլորս էլ պետք է գիտակցենք, որ Հայաստանը անվտանգության խնդիրներ ունի և չի կարելի ցնցումներ թույլ տալ: Փոփոխություններ ուզում ենք բոլորս, ու ամեն մեկս իր լուման դրեց անցնցում իշխանափոխության համար: Իշխանափոխությունը շանս է: Այդ շանսը կարող է զարգացման տանել մեր երկիրը, բայց կարող է նաև բացասական արդյունքների հանգեցնել, ինչը որևէ կերպ չի կարելի թույլ տալ:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am