Հայ-ադրբեջանական սահմանին լարված է, իսկ ՀԱՊԿ-ը լռում է

Արձագանքի լինել–չլինելը չի նշանակում, որ ՀՀ–ն ՀԱՊԿ–ում իր գործառույթը չի իրականացնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱՊԿ–ի կողմից արձագանքի բացակայությունը վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին տեղ գտած լարվածությանը։ «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը։ Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում։ Մենք այս կազմակերպության շրջանակներում ի հայտ ենք բերում բոլոր զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն…Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- նշեց նախարարը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդն անընդհատ գնդակոծում է հայ-ադրբեջանական սահմանը։ Երեկ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել։