«Ծառուկյան» խմբակցությունը դիմելու է եվրոպական կառույցներին

«ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստվում է դիմել եվրոպական կառույցներին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ սոցիալական ցանցերում տարածվող նյութերի, ատելության մթնոլորտի համար: Օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական տեռորի հանգուցալուծումն է եղել Նաիրա Զոհրաբյանի ելույթը սեպտեմբերի 16-ին կայացած հանրահավաքում: Կոպիտ ձևակերպումներ են լինում թեկնածուի, նրա հարազատների հասցեին: Սոցիալական ցանցերում հանդես են գալիս Նաիրա Զոհրաբյանին չընտրելու կոչերով: Ատելություն, ագրեսիա են քարոզում Զոհրաբյանի նկատմամբ: Մենք ունենք բազմաթիվ փաստեր և առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանում»,- ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: