Նոր գործ են բացել խնդիրներից շեղելու համար

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց համար զարմանալի է, որ Քոչարյանի նկատմամբ փողերի լվացման հոդվածքով քրեական գործ է հարուցվել, ինչի հայտարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենն ասել էր, որ հաստատվել է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառքով ձեռք է բերել Կոնգրես հյուրանոցը: Փաստաբաներից Արամ Օրբելյանն ասաց, որ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է ծագում իրավապահ համակարգի մարմինների գործունեության հետ կապված, դրանից շեղելու համար ինչ-որ նոր է գործ է հայտնվում: «Երբ մենք նայում ենք տվյալները, Կոնգրես հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները՝ տղաները, աղջիկը նույնպես շատ վաղուց պետական պաշտոն չեն զբաղեցրել: Երբ որ կլինի գործը, հասկանանք, թե էդ ինչ կաշառք է, ով է ում տվել, այդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնեն»,- ասաց Օրբելյանը: