Լինելու ենք հաշվետու. Րաֆֆի Հովհաննիսյան (video)

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից: Կուսակցության հիմնադիր, «Ժառանգության» ցուցակով քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սա լինելու է նոր Երևանի նոր ավագանի, որը օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է քաղաքացիներին հաշվետու: «Եթե ես վայելեցի երևանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24-ժամյա աշխատանքով լինելու եմ Երևանի քաղաքացիների ծառաներից մեկը: Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան: Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին: Միասին կերտելու ենք առաջատար Երևան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենց քարոզարշավը կավարտվի 10 օր անց՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում: