«Պետք չէ ցույց տալ, թե իբր նոր Հայաստան եք սարքում. չկա նոր Հայաստան». Էդուարդ Շարմազանով
«Ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա համապատասխան ձև և բովանդակություն»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով կառավարության ներկայացրած ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նա հիշեցրեց, որ 2015թ. ընտրակաշառքի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն և կոչ արեց նոր իշխանություններին՝ ցույց չտալ, թե իբր նոր Հայաստան են սարքում: «Չկա նոր Հայաստան, Հայաստանը մեկն է՝ Հայկ Նահապետից մինչև այսօր։ Կա միասնական Հայաստան, որի սկիզբը դրվել է մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին Խոշաբ գետի ճակատամարտում, որտեղ Հայկը հաղթեց Բելին, ու գնալու է դեպի հավերժություն»,- եզրափակեց Շարմազանովը, սակայն դա չխանգարեց, որ ինքն անձամբ եւ ՀՀԿ-ն կողմ քվեարկի նախագծին։
