Բացառապես քաղաքական որոշում է
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ընտրական բարեփոխումների համար մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Քննարկումների ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ եթե այս փոփոխությունների առաջարկը Վենետիկի հանձնաժողով ուղարկվի, այն վստահաբար չի ընդունվի: «Եթե իրավական տեսնակյունից նայենք, ես բացասական եզրակացություն կտայի: Անհրաժեշտ է, որ օրենսդրությունները լինեն այնպիսին, որ ապահովեն սեպտեմբերի 23-ի ընտրությունների բնականոն ընթացքը: Քաղաքական կոնցեպտից ելնելով` դրական եզրակացություն տանք, բայց` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցումների միջանցքում աշխատանքներ իրականացնեք` հանձնաժողովի անդամների առաջարկները լսելով, այնպես անենք, որ այս օրենքը ոչ միայն քաղաքական լինի, այլ նաև իրավական»,- ասաց Կոստանյանը: Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ քվեարկությունը լինելու է բացառապես քաղաքական, որպեսզի չստացվի` խոչընդոտվում է նախագծի ուղին դեպի արտահերթ նիստ:
