Թբիլիսիում վթարից տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Թբիլիսիում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ և մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն: Մյուս հիվանդի վիճակը ևս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը ևս կկազմակերպվի Հայաստանում: Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ:
