Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցման մասին
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: «Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սոցիալապես անապահովների համար սակագնի իջեցում արդեն տեղի է ունեցել: Նա ասաց, որ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», ինչից էլ առաջացել է այդ պրոբլեմը, միաժամանակ նշեց, որ արդարացի չի լինի գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա:
