Շատ հետաքրքիր նոր փաստաթղթեր կան Մարտի 1-ի գործով. ՀՔԾ պետ (video)

«Ես լիահույս եմ, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է: Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, մեկ միասնական վարույթ է։ Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»,- այսօր Կառավարության նիստից հետո ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով»,- ասաց Հատուկ քննչական ծառայության պետը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ պահանջին: Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս, և եթե այս ամբողջը գաղտնազերծվի, անհասկանալի է, թե ինչ կլինի: Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 0038 հրամանը գաղտնազերծվել է այն չափով, որքանով փաստաթուղթը տրամադրող Պաշտպանության նախարարությունը հարմար է գտել գաղտնազերծել: «Բոլոր հատվածները, որոնք էական նշանակություն ունեն, դրանք բոլորը հանրությանը հայտնի են դարձել»,- ասաց նա: