Մաքսայինը խոչընդոտում է քարի արտահանմանը. գորածարը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած տեսաուղերձի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն է հրավիրում մաքսային ծառայության աշխատանքի վրա: Նա նշում է, որ արտահանման հարցում խոչընդոտների է հանդիպել, ինչի պատճառով իր ընկերությունը ֆինանսական մեծ վնասներ է կրում: Գործարարի խոսքով՝ 15 տարի է՝ ապրում է Չինաստանում, բիզնես-գործունեություն ծավալում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, և, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում: Նա ասում է, որ թավշյա հեղափոխությունից հետո չինացի գործընկերների հետ եկել է Հայաստան՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Սակայն հանդիպել է գրեթե նույն խնդիրներին, որոնք նախկինում կային: «Լրատվական կայքերից մեկով տեղեկացանք օբսիդիան հանքաքարի՝ աճուրդով վաճառքի մասին: Մասնակցելով աճուրդին՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերեցինք այդ հանքաքարը: Այնուհետև ես կնքեցի պայմանագիր իմ չինացի գործընկերների հետ՝ մեծ ակնկալիքներով, չմտածելով գործի բարդության մասին: Հավաքելով բոլոր համարժեք փաստաթղթերը՝ դիմեցի ՀՀ Մաքսային կոմիտե՝ արտահանման թույլտվության համար՝ մեկից հինգ օրվա սահմանված ժամկետում չստանալով ոչ մի խելամիտ պատասխան»,- ասում է նա: