Դոնի Ռոստովում Boeing-ի վթարի նոր վարկածը
Դոնի Ռոստովի օդանավակայանում «Բոյինգ 737-800» օդանավի ընկնելու պատճառը կարող էր լինել ղեկի անսարքությունը: «Ռոսիյսկայա գազետա» թերթի հետ զրույցում նման ենթադրություն է հայտնել աղբյուրը, որը ծանոթ է հետաքննության ընթացքին: Պարբերականի զրուցակցի խոսքով, ղեկը կարող էր սառչել ջերմաստիճանի կտրուկ տատանումից ու երբ օդաչուները հերթական անգամ վայրէջքի ժամանակ փորձել են վեր բարձրացնել օդանավը, նրանք պարզապես բավականաչափ ուժ ու ժամանակ չեն ունեցել, ղեկը շարժելու համար: «ՌԳ» աղբյուրը ռոստովյան ավիավթարը համեմատել է 2013 թ. նոյեմբերին «Բոյինգ 737-500» օդանավի վթարի հետ՝ Կազանում վայրէջք կատարելու ժամանակ: Եթե համեմատենք օդանավերի թռիչքի վերջին րոպեների տեսագրությունը, ապա երեւում է, որ երբ օդանավերը գետնին են մոտենում նրանք նույն սցենարն են կրկնում, նշում է նա:
