Սասուն Խաչատրյանը մանրամասներ է հայտնում Գասպարյան ընտանիքի գործից
«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որդուն ոչ: Կ. Գասպարյանի գործն ուղարկվել է դատարան, որդու մասով ապացույցներն անբավարար են եղել»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Կ. Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին ոստիկանապետի եղբորը` Կարեն Գասպարյանին 17.08.2018թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա սպանության սպառնալիքներ է տվել Ավետիք Սարգսյանին:
