Ոստիկանությանն օրենքով թույլատրվում է ուժ գործադրելը. Օսիպյան

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հյուսիսային պողոտայում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպին, երբ օտարազգի երաժիշտները ոստիկանների կողմից բերման էին ենթարկվել:Ըստ նրա՝ երաժշտությունը շատ գրավիչ է զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց տեղի բնակիչների համար այն վերածվում է աղմուկի, և պետք է սահմանափակել մինչև ժամը 23։00-ն։ «Ես հանձնարարել եմ, որպեսզի մոտենան ու զգուշացնեն, որ երաժշտությունը բարձր չլինի և մինչև 23:00-ն դա կազմակերպվի»,- ասաց ոստիկանապետը: Օսիպյանը նշեց, որ այլազգի քաղաքացիները փողոցում ալկոհոլ են օգտագործել, ինչն արգելված է օրենքով, և նրանք բերման են ենթարկվել։ Դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում մարդիկ գրում են, թե ոստիկանությունը սկսում է նախկին մեթոդներով աշխատել, Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործել: «Մարդիկ լավը չեն ուզում տեսնել, այնպայման ձեր ասած բիրտ ուժ կիրառելն են համացանց տեղադրում: Բայց դա այդպես չէ, ոստիկանությունն այդ պահին էլ է գործել օրենքով, ոստիկանությանն օրենքով թույլատրվում է ուժ գործադրելը: Դրանից չպետք է վախենալ, չի կարող ոստիկանը բոլորի հանդեպ լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են ուզում տեսնել»,- ասաց ոստիկանապետը: