Մարդիկ ունակ են տեղեկատվությունը ֆիլտրելու. ԵՄ դեսպան

Այսօր՝ օգոստոսի 28-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ելույթով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Ապատեղեկատվությունը որպես մամուլի ազատության ժամանակակից մարտահրավեր» թեմայով միջազգային համաժողովին, որին մասնակցում էր թվով 50 լրագրող Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Դեսպանը մասնավորապես անդրադարձավ մամուլի հիմնարար ազատությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի միջև հավասարակշռության պահպանման նուրբ խնդրին: Դեսպան Սվիտալսկին ներկայացրեց Եվրամիության կողմից ապատեղեկատվության դեմ որպես հակակշիռ արդեն իսկ իրականացված և ձեռնարկվող միջոցառումները, մասնավորապես առցանց ապատեղեկատվության դեմ պայքարի EUvsDisinfo.eu թիմի աշխատանքը: «ԵՄ մոտեցումն այս խնդրին լսարանի մեդիագրագիտության բարձրացման մեջ է: Կարծում ենք՝ մարդիկ ունակ են տեղեկատվությունը ֆիլտրելու՝ սակայն, եթե նրանց հասանելի են լրատվության տարատեսակ աղբյուրներ, ճշտված, հավաստի տեղեկատվություն և դրական մեսիջներ՝ որպես այլընտրանք», ասաց ԵՄ դեսպանը: Ի պատասխան Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների՝ Եվրոպական միության պատվիրակությունը «Մեդիա գործիք» մամուլի աջակցության նախագիծ է պատրաստում, որը «Ժողովրդավարության խորացում» փաթեթի մասն է կազմում: Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից