Արցախ, երկու պատերազմներ, աշխարհաքաղաքական շահեր. ինչու՞ Մերկելն այցելեց Հարավային Կովկաս

Երեկվանից մեկնարկեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Ողջ աշխարհի փորձագետների, լրատվամիջոցների ուշադրության առանցքում է այս այցը: Պարզ է բոլորին, որ տարածաշրջանային այցով Գերմանիայի կանցլերը ցուցադրում է այն կարևորությունը, որն իր երկիրն ունի Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Այսպես, պարզենք, թե ինչ Մերկելի այցով՝ առանձին երկրներից ինչ սպասումներ ու ակնկալիքներ ունի Գերմանիան: Սկսենք Վրաստանից: Երեկ Մերկելն այցելեց Վրաստան՝ առաջին անգամ 10 տարվա մեջ: Մինչ այս նա Վրաստանում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 2008թ.՝ ռուս-վրացական պատերազմի ավարտից հետո: Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից նշել են, որ այս այցը նվիրված է «երկկողմ հարաբերություններին և տնտեսական կապերին, ինչպես նաև եվրոպական և արտաքին քաղաքականության հարցերին»: Վրացի քաղաքական գործիչները չեն թաքցնում իրենց ոգևորությունը Մերկելի այցի նկատմամբ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ այս այցը ցույց է տալիս երկու պետությունների գործակցության բարձր մակարդակը, և այն «Վրաստանին աջակցություն ցուցաբերելու հստակ ազդանշան է»: Վրաստանում Մերկելը հանդիպել է ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մերկելի այցի նախօրեին Վրաստանի ընդդիմադիրները դժգոհություն էին հայտնել, որ օգոստոսի 18-ին Ռուսաստանի նախագահի հետ ունեցած երեք ժամանոց հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերը Վրաստանի հարցը չէր բարձրացրել: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկանիանին դրանից հետո հայտարարել էր, որ Մերկելի այցը Վրաստան Պուտինի հետ հանդիպումից մի քանի օր հետո «հիմքեր է տալիս պնդելու, որ Վրաստանը միշտ եղել է և ապագայում էլ կլինի կարևորագույն ուղղություններից մեկը` Ռուսաստանի և Գերմանիայի միջև բանակցությունների օրակարգում»: «10 տարի առաջ ես վճռականորեն պահանջեցի դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց ես կրկին աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը», - երեկ Թբիլիսիում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում, վերջին անգամ ես այստեղ հյուրընկալվել եմ ուղիղ տասը տարի առաջ . Այն ժամանակ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Մենք մեր ներդրումը կունենանք այդ հակամարտության կարգավորման հարցում», ասել է կանցլերը, ինչպես նկատում են վրացական լրատվամիջոցները՝ խուսափելով արտաբերել պաշտոնական Թբիլիսիի կողմից կիրառվող տերմինները՝ այդ թվում նաև օկուպացիա բառը: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում ինչ-որ կերպ քննարկել է ռուսական օկուպացիայի հարցը, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. - «Ռուսաստանի նախագահը տեղյակ է այդ հարցում իմ դիրքորոշման մասին՝ այդ թվում Ուկրաինայի հետ կապված: Նույն սցենարն է: Ցավոք՝ քիչ բան է արվում, որպեսզի այդ մեծ անարդարությունը անցյալում մնա»: Նկատենք, որ Միացյալ Նահանգները խստորեն քննադատում է Գերմանիայի իշխանություններին «Հյուսիսային հոսք-1» գազատարի համար, որով ռուսական գազը պետք է հասնի Գերմանիա: Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Գերմանիան շահագրգռված է «Հարավային գազատարի» կառուցմամբ, որը ադրբեջանական էներգառեսուրսները Թուրքիայով հասցնում է Եվրոպա՝ այդպիսով նվազեցնելով Եվրամիության երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Gazeta.ru-ի հետ զրույցում Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերն ասում է, որ երկու հանդիպումների միջև կարճ ժամկետն ավելի շուտ պատահականություն է: «Քանի որ Գերմանիայում դեռ չի սկսվել քաղաքական ակտիվ շրջանը, Մերկելը դեռ որոշ ժամանակ ունի այցերի և հանդիպումների համար: Իսկ ահա մեկ ամիս հետո Հարավային Կովկաս ժամանելը Մերկելի համար արդեն ավելի բարդ կլիներ, հենց դրա համար էլ ընտրվել է օգոստոսի վերջը»,- ասում է փորձագետը: Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները մթագնում է ոչ միայն Գերմանիայի դժկամությունը՝ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, այլև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության թեման: Մերկելը վերջին տասը տարում Վրաստանի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման ամենասուր հակառակորդներից մեկն է: «Ինչ-որ ձևով այս թեման ամեն դեպքում կբարձրացվի բանակցություններում,- ասում է Բրուտերը:- Բայց Մերկելը կոչ կանի զսպվածություն ցուցաբերել և որոշակի զգուշավորություն: Պետք է հասկանալ, որ Գերմանիային ձեռնտու չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Դա որոշակիորեն կխարխլի Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչը, բնականաբար, Բեռլինը չէր ցանկանա»,- ասում է նա: Հայաստան այցը՝ նախ Մերկել-Փաշինյան ծանոթության սկիզբ է: Գերմանիայի կանցլերը կլինի Երևանում այսօր: Ըստ aravot.am-ի՝ ծրագրով նախատեսվում են բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ծրագրվում է հանդիպում նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այց Ծիծեռնակաբերդ: Որևէ այլ մանրամասներ սպասվող բանակցությունների մասին չեն հաղորդվում: Միանգամայն հնարավոր է, որ դա պայմանավորված է նրանով, որ այցի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս նախորդ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի օրոք: Մերկելի այցը հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ հուլիսին ՆԱՏՕ-ի շրջանակում Փաշինյանի հետ նրա նախորդ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հանդես եկավ Եվրամիությանը քննադատող ելույթով: Այդ ժամանակ Փաշինյանը դժգոհում էր, որ Եվրոպայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այնքան էլ հասկանալի չէ: Այս հայտարարության համատեքստում Գերմանիայի կանցլերը կարող է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ՝ նրա մասին վերջնական տպավորություն կազմելու համար: «Մերկելին հետաքրքիր է տեսնել՝ արդյոք այստեղ ամեն ինչ նույնն է, ինչպես նախկինում, արդյոք Հայաստանը չի փոխել դիրքորոշումը հեղափոխությունից հետո: Թե՞ ինչ-որ բան փոխվել է Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո»,- ասում է Բրուտերը: Բացի այդ, փորձագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ, բանակցություններում կբարձրացվի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական: Մերկելը գնում է ոչ միայն որպես գերմանացի, այլև որպես եվրոպացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է առաջին հերթին Բրյուսելի, հետո միայն Գերմանիայի շահերը: Եվ, իհարկե, Մերկելը շահագրգռված է, որպեսզի և՛ Եվրամիությունը, և՛ Գերմանիան մասնակցեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- ասում է ՌԴ գիտությունների ակադեմիայի՝ Եվրոպայի գերմանական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիսլավ Բելովը: «Ես կարծում եմ, որ Մերկելը ևս մեկ անգամ կկրկնի ընդհանուր բանաձևերը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բնական է, որ այդ բանաձևերը, ի տարբերություն շատ ուրիշների, հիմա չգիտես որտեղ են գտնվում: Եվ, հետևաբար, նրան հարգանքով կլսեն և կկրկնեն հայտնի պատասխաններ»,- իր հերթին ասում է Բրուտերը: Այս այցն, անկասկած Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում Գերմանիայի որոշիչ դերի և հայաստանյան հեռանկարների առումով խիստ կարևոր է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևան կատարվելիք այցի ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի դերակատարությանը և եվրոպական արժեքներին աջակցությանը, գրում է Deutsche Welle-ն: Գերմանիան պետք է Հայաստանին ազդանշան ուղարկի առ այն, որ «մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք սկսված փոփոխությունների գործընթացին, քանի որ դրանք ուղղված են եվրոպական նորմերին»,- Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է բեռլինյան «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի գիտաշխատող Ուվե Հալբախը՝ բնորոշելով Մերկելի գլխավոր առաջադրանքը Երևանում: Առաջադրանքն այնքան էլ հեշտ չէ՝ աջակցել Հայաստանին դեպի եվրոպական արժեքները ճանապարհին և դրանով չսադրել Մոսկվային: Երևան կատարվող այցը մեծ նշանակություն կունենա նաև Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների համատեքստում: Անգելա Մերկելը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: Երբ 2016թ. Գերմանիայի Բունդեսթագը Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշեց որպես ցեղասպանություն, դա հանգեցրեց Անկարայի հետ սուր վեճի: Հետևաբար, պետք է ուշադիր հետևել՝ արդյոք Մերկելը Երևանում կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ուշադրությամբ հետևում են Մերկելի՝ Հարավային Կովկաս այցին: Թուրքական «Հյուրիյեթը» գրում է, որ Մերկելը Երևանում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այցելելու է 1915թ. զոհերի հուշահամալիր: Պարբերականը հարց է տալիս՝ արդյո՞ք Մերկելը Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ 1915թ. իրադարձությունները որակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պաշտոնական Անկարան խիստ արձագանքեց դրան՝ գերմանացի օրենսդիրների որոշումը բնութագրելով որպես «պատմական սխալ», որը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին: Թուրքիան հայտարարեց, թե այդ որոշումն իրավական ոչ մի ուժ չունի: Օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե արգելելու են գերմանացի խորհրդարանականների մուտքը «Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ մոտ 250 գերմանացի զինծառայողներից բաղկացած զորախումբ է տեղակայված: Պաշտոնական Բեռլինն էլ, ի պատասխան, սկսեց դիտարկել իր զինվորներին Թուրքիայից դուրս բերելու հարցը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am