Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը. Մերկելը ԼՂ խնդրի մասին

Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերը հիշեցրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: «Մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ կարգավորել հակամարտությունը: Բայց կարևոր է կարգավորել լավ մթնոլորտում: Գերմանիան պատրաստ է աջակցել այս հարցում»,- հայտարարեց Մերկելը: Նրա խոսքով՝ առանց բանակցությունների հակամարտությունը լուծել հնարավոր չէ, և հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության կարգավորման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գերմանիան նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և Գերմանիան ընդհանուր առմամբ և Մերկելն անձամբ ըմբռնումով են մոտենում նրան, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: