Տարածաշրջանը վերածվել է արյան ծովի. Դեմիրթաշ
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ծավալուն ելույթ է ունեցել Դիարբեքիրում Նովրուզի տոնական միջոցառման ժամանակ, որում անդրադարձել է «Քրդական հարցի» կարգավորման խնդրին։ Դեմիրթաշը հայտարարել է, որ պատերազմը, բախումները, մարդկային զոհերը նորմալ իրավիճակ չեն, և որ նորմալ են միայն բանակցությունները, երկխոսությունը, որոնց արդյունքներին չպետք է մոտենալ հաղթողի ու պարտվողի տեսանկյուններից. «Քուրդ ժողովուրդը միայն ցանկանում է իր հողերում ապրել առանց վախի, իրավահավասար ու արժանապատիվ կյանքով։ Մեր ասած խաղաղությունը չի կարող լինել առանց արդարության ու իրավահավասարության։ Այսօր, երբ տարածաշրջանը վերածվել է արյան ծովի, հեշտ չէ խաղաղության մասին խոսելը»։
