Նոր վտանգներ. Ի՞նչ կզիջի Փաշինյանը հարևանին

Վերջին օրերին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը ակտիվ հանդիպումների մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ: Օրերս ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին ընդունել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը: Դեսպանը հաստատել է, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն է հայտնել, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի: «Ս. Սաջջադին նշել է, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով: Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա.Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար», ասվում էր ԱԱԾ-ի տարածած մամլո հաղորդագրությունում: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին: Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ «Դեսպանը բարձր է գնահատել քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների պատճենները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն փոխանցելու՝ ձևավորված պրակտիկան, որը նպաստում է դրանց կատարումն արագացնելու գործընթացին։ Կողմերը կարևորել են քրեական գործերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ու ըստ անհրաժեշտության կոնկրետ գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, որի արդյունավետությունն անուղղակիորեն ազդում է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև փոխադարձ վստահությանը», ասվում էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, Նիկոլ Փաշինյանն էր ընդունել ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Փաշինյանը նշել էր. «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»: Դեսպան Սաջադին ընդգծել էր երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը և նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը: Զրուցակիցները քննարկել են Մեղրի և Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը և Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին: Հայտնի է, որ Փաշինյանի կառավարությունը ձգտում է մոտ ապագայում նրա այցը կազմակերպել հարևան Իրան: Իրանն այսօր բավական ծանր աշխարհաքաղաքական դրությունում է հայտնվել` ամերիկյան պատժամիջոցների հետևանքով: Ըստ ամենայնի, դա ստիպում է Թեհրանին այսօր հարևան և բարեկամ երկրների հետ փոխհարաբերություններն էլ ավելի ինտենսիվացնել: Հայաստանն այս առումով բացառություն չէ: Հայաստանին մշտապես հաջողվել է Իրանի հետ հարաբերությունները չկապել երրորդ երկրների խնդիրների հետ: Հույս ունենանք, որ այսուհետ էլ նույն քաղաքականությունը կվարվի Հայաստանի կողմից: Ուշագրավ էր օրերս տեղեկությունն այն մասին, որ Իրանը կարող է մոտ ապագայում ռազմական օդանավերի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի և Պակիստանի հետ: Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, այս մասին Իրանի առաջնորդն ասել է Թեհրանում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ։ Իր ելույթում Ռոհանին Թուրքիային և Պակիստանին անվանել է «հարևան, դաշնակից ու բարեկամ երկրներ». «Թուրքիայի և Պակիստանի օգնությամբ կարող ենք ինքնաթիռ արտադրել»։ Ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվել է իրանական արտադրության առաջին կործանիչը՝ «Քովսար»-ը, որի օդաչուի խցիկում նստած է եղել Հասան Ռոհանին։ Իրանը նաև ներկայացրել է հայրենական արտադրության բալիստիկ հրթիռների ուղղորդման համակարգը, որն օժտված է թիրախը խոցելու մեծ ճշգրտությամբ: Համակարգի ստեղծման ժամանակ օգտագործված նոր նյութերը հնարավորություն են ընձեռում հթրիռներն ուղղել թե՛ ծովում, թե՛ ցամաքում գտնվող թիրախների վրա: Բացի այդ, այս համակարգի ևս մեկ առավելությունն այն է, որ նա ունակ է հաղթահարել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերը: Իրանը ներկայացրել է նաև իր կազմածո զրահը, որը կարող է օգտագործվել ռազմական տրանսպորտային միջոցների պաշտպանության համար: Այդ զրահը ստեղծվել է բացառիկ մանրաթելի հիման վրա և ունակ է տեխնիկան պաշտպանել զրահածակող փամփուշտներից: Միաժամանակ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարումը մեծանում է: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ասել է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անիմաստ է այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն դուրս եկավ միջուկային գործարքից։ Այս մասին նախարարը պատմել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զարիֆի խոսքերով՝ Միացյալ նահանգները, ԳՀՀԾ–ից դուրս գալով, ջնջեցին այն «հսկայական առաջընթացը», որին ավելի վաղ հասել էին։ «Համաձայնագիրը մեզ համար լակմուսի թուղթ էր՝ կարո՞ղ ենք մենք վստահել ԱՄՆ–ին, թե՝ ոչ»,– նշել է նախարարը։ Թեհրանը չի պատրաստվում ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշումների և պատժամիջոցների սպառնալիքների պատճառով վերանայել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ լայնածավալ ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը. «Մենք չենք ուզում վերանայել միջուկային համաձայնագիրը: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը կատարի այդ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»: Նա նաև հավելել է, որ այսօր ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցները հանդես են գալիս այդ պատժամիջոցների դեմ: «Ես չէի ցանկանա գործածել «ծաղրանք» եզրույթը, բայց այն ինչ կատարվում է ԱՄՆ-ի կողմից, հենց դա է»,- նշել է Զարիֆը: Ըստ Իրանի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականության պայմաններում իմաստ չունի Թրամփի կողմից առաջարկված երկու երկրների նախագահների հանդիպումը: Փաստացի Թեհրանը հայտարարում է, որ Միջուկային գործարքի իրականացումը կշարունակվի նաև առանց ԱՄՆ-ի մասնակցության, սակայն Իրանը ԵՄ-ից այդ ուղղությամբ հստակ քայլեր է ակնկալում։ Իրանի ԱԳ նախարարն այս առիթով՝ նշեց. «Իրանի միջուկային ծրագրի իրականացումը կշարունակվի նաև առանց ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ։ Սակայն այդ հարցի շուրջ մենք Եվրամիությունից առավել հստակ և գործնական քայլեր ենք ակնկալում»։ Զարիֆը նշել է, որ ԵՄ-ն դրական քայլեր է ձեռնարկել Իրանում ներդրումներ կատարող եվրոպական բանկերի և ընկերությունների պաշտպանության ուղղությամբ՝ ընդգծելով այդ միջոցները կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ ԵՄ երկրները «ծախսերը կրելու» պատրաստակամություն ցուցաբերեն՝ հանուն ԱՄՆ-ին դիմակայելու իրենց որոշման։ Նկատենք, որ Ֆրանսիական Total-ը էներգետիկ ընկերությունը պաշտոնապես լքել է իրանական շուկան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել երկրում առաջատար բիզնեսներ ներկայացնող ընկերությունների դեմ: Իրանում նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտնել է. «Ներկայումս ընթանում է Total-ին այլ ընկերությամբ փոխարինելու գործընթացը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am