ՈՒսուցչի և տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում փոփոխություններ կլինեն
Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի և տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը նաև տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում՝ ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերի լրամշակման և փոփոխման ուղղությամբ: Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի և տնօրենի թափուր տեղի մրցույթի, տնօրենների հավաստագրման, խորհուրդների ձևավորման կարգերում: Կատարվող փոփոխություններից նախարարը կարևոր է համարել հատկապես կառավարման խորհուրդների դերակատարման բարձրացումը. «Դպրոցների կառավարման խորհուրդները նույնպես վերածվել են քաղաքական մարմինների, որոնք որևէ մասնակցություն չունեն դպրոցի զարգացման գործում, ընդամենը ծառայում են որպես տնօրեն ընտրող մարմին: Մենք այս համակարգը արմատապես փոխելու ենք»,- հայտարարել է ԿԳ նախարարը: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագրին` նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել նախարարության և մարզպետարանի կողմից, «Համընդհանուր ներառման անցնելը դյուրին գործընթաց չէ, սակայն զարգացած են համարվում այն հասարակությունները, ովքեր գնում եմ ներառման»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում մեկնարկել են ներառական կրթության համակարգի անցմամբ պայմանավորված վերապատրաստումները:
