Հունաստանն ապաստան տվեց թուրք զինվորականներին

Հունաստանի Պետական խորհուրդը, որը երկրում գործող 3 գերագույն դատարաններից մեկն է, մերժել է կառավարության առարկությունը և որոշում ընդունել հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներին ապաստան տալու վերաբերյալ:Նրանք թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են գյուլենական շարժմանը հարելու մեջ: Անկարայում համոզված են, որ հեղաշրջումը նախաձեռնել էին գյուլենականները:Այս մասին հայտնում է Sondakika.com-ն:
Հունաստանի Գերագույն դատարանը Թուրքիայի քաղաքացի Սուլեյման Օզքայնաքչըի գործով հունական կառավարության առարկության վերաբերյալ վերջնական որոշում ընդունեց: Որոշման մեջ նշվում է դասալիք թուրք զինվորականներին ապաստան տալու մասին:
Հղում կատարելով Ժնևի կոնվենցիային՝ Հունաստանի Գերագույն դատարանը հանգել է այն եզրակացության, որ չկան բավարար ապացույցներ Սուլեյման Օզքայնաքչըի գյուլենական լինելու և հեղաշրջման փորձին մասնակցելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նրան տրվել է հատուկ կացության կարգավիճակ:
Հունական լրատվամիջոցները նշում են, որ ապաստան են ստացել Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ կասկածվող ևս 3 թուրք զինվորական: