«Սև արկղերի» առաջին տվյալները կլինեն այսօր
Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը տեղափոխվել են Մոսկվա՝ գաղտնազերծման համար: Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների աղբյուրները: «Հատուկ չվերթով ինքնաթիռի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա: Եթե դրանց ժապավենն ամբողջական լինի, ապա այսօր արդեն օրվա երկրորդ կեսին կստացվեն դրանց նախնական տվյալները»,-ասել է աղբյուրը: Նախօրեին Ռուսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հաղորդել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված ինքնագրիչների վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են ապակոդավորվել: «Առաջին զննությամբ կարելի է ենթադրել, որ երկու ինքնագրիչները կապակոդավորվեն: Դրա արդյունքներով ու օդանավի կոնստրուկցիայի տարրերի փորձաքննությամբ հնարավոր կլինի պարզել ավիավթարի պատճառները»,-ասել է Ներադկոն:
