Ի՞նչ է՝ մեզանից ավել կարո՞ղ է մեկը մտահոգվել մեր ընտանիքների համար. «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները հակադարձում են Ամուլսարի հանքի ակտիվիստներին(video)

Արդեն 47 օր է, ակտիվիստներն իրենց բողոքի ակցիան են իրականացնում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ակտիվիստների պահանջը մեկն է՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքները Հայաստանում իրականացնում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն: Խոսելով Լիդիան Արմենիայի աշխատակիցների հետ՝ նրանք վստահաբար պնդեցին, որ Ամուլսարի պրոեկտը չի կարող որևէ կերպ բացասական ազդեցություն ունենալ Ջերմուկ քաղաքի, քաղաքի բնակիչների առողջության վրա. «Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներն իրականացնողները ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Ակտիվիստները պնդում են, որ հանքի շահագործումը խոչընդոտում է քաղաքի զբոսաշրջության զարգացմանը, բայց նման բան չկա»,- պնդում է «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներից մեկը: Աշխատակիցներից մյուսն էլ վստահեցրեց, որ ոչ մի ապացույցներ չկան, որ հանքի շահագործման դեպքում բնակչությունը կթունավորվի. «Ամուլսարի հանքի շահագործման հարցով ձևավորված կառավարական հանձնաժողովից սպասում ենք դրական պատասխան: Մի կազմակերպություն, որը մտահոգված է բնության, միջատների հարցերով, չի կարող մարդկությանը թունավորել»: Մանրամասները՝ տեսանյութում.