Հիմնադրամը հատուցումներ է կատարել 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 1 հաշմանդամ զինծառայողի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը օգոստոսի 6-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից։ Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամ շարքային Բաբկեն Էդուարդի Սիմոնյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ: Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: