Նոր մանրամասներ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել։ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայող Արմեն Հովակիմյանի մահվան վերաբերյալ: Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք: Փրկարարական աշխատանքների արդյունքում «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտի բնակիչ, 43-ամյա Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի բնակիչ, 36-ամյա Արմեն Հովակիմյանի դիերը: Նշենք, որ Հովակիմյանը պայմանագրային զինծառայող է: Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 36-ամյա Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: