Խնդրահարույց ձևակերպումներ կան 0038 հրամանի մեջ. ՀՔԾ պետ

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, որ լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի: Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել: «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ պրոցեսներում: Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել…այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ «Մարտի 1-ը» դրա վառ ապացույցն էր»,-ասել է նա, հայտնում է Tert.am-ը: