Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ
Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» թիվ 0038 հրամանը: Այն 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրաման է, որը ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին: Ինչպես տեղեկացրեց ՀՔԾ պետը՝ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ մեղքն ապացուցելու դեքում Արմեն Գևորգյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց`ստորագրությամբ չհեռանալ երկրից: Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նա բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Քննության ժամանակ այս հրապարևակումն ամբողջությամբ հաստատվեց: Սասուն Խաչատրյանի խոսքով, Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-րդ մասով, որը ծանր հանցանք է: