ԲՀԿ մամուլի խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանի սկանդալային հայտարարության մասին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի երեկվա հայտարարությանը. «Երեկվանից իմ գործընկեր լրագրողներն օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։ Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։ Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին և մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»։