Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀԺ

armtimes.com-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանին այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ: ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ-ում մոտ երեք ժամ հարցաքննվել է, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Քոչարյանի մուտքն ու ելքը ՀՔԾ-ից տեղի ունեցավ գաղտագողի՝ լրագրողների աչքից խուսափելու համար նրա անվտանգության աշխատակիցները մի իսկական շոու էին բեմադրել: