Ներում-զիջում չի լինի. զգուշացում օրինախախտ վարորդներին

Շուտով ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրինախախտ վարորդների հանդեպ պատժի նոր մեթոդ է կիրառելու՝ բալային համակարգ: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Իրավախախտումների քանակը ավելացել է որոշակի խմբի վարորդների կողմից, որոնք ճիշտ չեն ընկալել վարչական տուգանքները ներելու մեր քաղաքականությունը: Նրանք ավելի շատ խախտումներ են թույլ տալիս, մինչդեռ դրանից պետք է խուսափել՝ անկախ նրանից՝ տվյալ հատվածում ոստիկանությունը վերահսկո՞ւմ է իրողությունը, թե ոչ: Ոստիկանության թիրախում կլինեն հենց այդ խմբի վարորդները, որոնք հերիք չէ՝ խախտումներ են անում, նաեւ՝ ինչ-ինչ պատճառներով չեն վճարում վարչական տուգանքները: Նրանց հանդեպ կգործի բալային համակարգ՝ բաղկացած ինը բալից: Որոշակի խախտումներ կատարելուց հետո բալերն աստիճանաբար կսպառվեն, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի վեց ամսով: Վստահ ենք, որ այս մեթոդով կկարողանանք նվազագույնի հասցնել խախտումների քանակը»: