Արտաշիսյան փողոցի՝ ապակիների արտադրամասի պայթյունի լուսանկարները

Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ: Տուժածներ Ս. Հ-ն (1989թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ-ն (1972թ.)՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ևս մեկ տուժած Է. Հ-ն (1987թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Է. Հ-ն «Սուրբ Աստվածամայր» և Ս. Հ-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ Ս. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է. Հ-ինը՝ ծանր:




