Որևէ մոտեցում կարծրացած չէ. վարչապետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը վերանայել է իր ռազմավարությունը Ադրբեջանի հետ կապված՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, պատասխանել է. «Եթե վերանայման մասին խոսենք, պետք է իրավիճակին համարժեք լինենք: Սա է ամենակարևոր մոտեցումը: Որևէ մոտեցում կարծրացած չէ, որևէ դիրքորոշում պետք է լինի համարժեք: Մենք կարծում ենք, որ խաղաղ կարգավորումը կարևոր է, համարում ենք, որն դա հնարավոր է, բայց նաև ասում ենք, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտն ու հնարավորությունը և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»: Այնուհետև վարչապետը հավելել է, որ եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, ապա հայկական կողմը այդ իրավիճակին կլինի համարժեք: