Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են և վարկաբեկող գրառում տեղադրել

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են և նրա անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված վիրավորական գրառում արել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա գրել է. «Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»,-գրել է նա: